Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով

Առայժմ գործող Լաչինի միջանցքը, արխիվ

Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը Հայաստանին կապող  Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

«Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները», - ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին Արցախի ՆԳ նախարարությունը խոստանում է առաջիկայում հստակ ու մանրամասն տեղեկություն տրամադրել։

«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն», - նաև նշված է հաղորդագրությունում։

Մի քանի օր առաջ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը արցախյան հեռուստալիքներով ասել էր, որ բոլոր բնակիչները տարհանված են, ու այս պահին Աղավնոյում, Ներքին Սուսում և Բերձորում քաղաքացիական բնակչություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղավնոյի բնակիչներին արգելում են գյուղ մտնել