Բրիտանիայի ՊՆ. «Ռուսները չեն կարող հզորացնել բանակն Ուկրաինայում»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերլուծաբանների փոխանցմամբ, անհասկանալի է, թե ինչի հաշվին Մոսկվան կարող է ավելացնել ՌԴ Զինված ուժերի զինծառայողների թիվը, բայց եթե նույնիսկ դա արվի՝ Ուկրաինայում տեղակայված բանակի մարտունակությունը հզորացնելու հնարավորություն չի լինի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ, երբ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի 7-րդ ամիսը՝ ստորագրել է Զինված ուժերի զինծառայողների թիվը 1 միլիոն 900 հազարից 2 միլիոն 40 հազարի հասցնելու հրամանագիր:

Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության այսօրվա վերլուծական ամփոփագրում նշվում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչի հաշվին է մեծանալու զինծառայողների թիվը՝ կամավորների հավաքագրմա՞ն, թե՞ պարտադիր զորակոչի ավելացման:

Որ տարբերակն էլ Մոսկվան կիրառի, ըստ բրիտանացի վերլուծաբանների, այն առանձնապես չի խթանի Ուկրաինայում տեղակայված բանակի մարտունակությունը և մեծ ազդեցություն պատերազմի ընթացքի վրա չի գործի:

«Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինծառայող է կորցրել, հավաքագրվում են շատ փոքր թվով պայմանագրային զինծառայողներ, իսկ նորակոչիկներն, ըստ գործող օրենքի, պարտավոր չեն ծառայել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս»,- նշվում է Բրիտանիայի պաշտպանության նախարարության Թվիթերի էջում: