Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, հայտնում է Արցախի ներքին գերծերի նախարարությունը։
Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները, տեղեկացնում է նախարարությունը՝ նշելով, որ այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել մինչև օգոստոսի 25-ը հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Երեկ այդ ժամկետը լրացավ։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանը հսկողության տակ է վերցրել «Լաչին ավանը, Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը»: «Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ և Սուս գյուղերը հսկողության տակ են», - գրել է Ալիևը:
Արցախից «Ազատությանը» հայտնել էին, որ Հայաստան-Արցախ կապը առնվազն մինչև օգոստոսի վերջ ապահովվելու է Լաչինի (Բերձոր) գործող միջանցքով, մինչև պատրաստ կլինի ժամանակավոր ճանապարհը: Մինչև հաջորդ տարվա գարուն՝ Լաչինի միջանցքին նոր երթուղու՝ Կոռնիձորի հատվածի շինարարության ավարտը, ժամանակավոր այս ճանապարհն է գործելու։