Սոցիալական անարդարությունից մինչև բանակի համար կործանարար հետևանքներ․ ընդդիմադիրներն այսպես են մեկնաբանում Պաշտպանության նախարարության երեկ շրջանառության մեջ դրած նախագիծը, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
«Ես հորդորում եմ հետ վերցրել, որովհետև և' հիմնավորումը, և' ինքը առաջարկը անհեթեթություն է, և վտանգավոր մեր երկրի համար», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ Պաշտպանության նախարարության, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևորագույն բաղադրիչ է:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը շեշտադրում է՝ 4,5 ամիսը ևս ծառայություն է, և այդ քաղաքացիները համարվելու են պահեստազորայիններ ու անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների ժամանակ, նրանց կարող են կրկին ծառայության կանչել. - «Եվ մենք կունենանք լավ վարձատրվող պայմանագրայիններ, նաև մարդիկ զարտուղի ճանապարհներ չեն գտնի բանակից ազատվելու։ Գաղտնիք չէ, որ ամեն ինչ անում են, որպեսզի հիվանդություններ ինչ-որ վերագրեն իրենց երեխաներին, կամ կոռուպցիոն դրսևորումներով բանակի ծառայությունից խուսափեն»։
«Մենք փոխանակ դրա դեմ պայքարենք, մենք պետական մակարդակո՞վ ենք խրախոսում», - հակադարձում է Գեղամ Մանուկյանը։
Ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար անընդունելի են իշխանության հիմնավորումները։ Ասում է՝ պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնելու համար գումարը պետք է փնտրել այլ տեղ, ոչ թե հասարակության մեջ նոր ջրբաժաններ մտցնելով. - «Բոլորը արդեն գիտեն, որ Հայաստանում պետական համակարգում գործում են, օրինակ, խոշոր պարգևավճարային ֆոնդեր։ Այնինքն՝ այնպես չէ, որ երկրում չկա գումար, որի հաշվին կարելի է բարձրացնել պայմանագրայինի աշխատավարձը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում էր գրել, որ նախատեսում է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել , որ դրան նախատեսում են հասնել այս ճանապարհով. - «Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի։ Բայց պրոֆեսիոնալ բանակը բավականին թանկ հաճույք է, ժողովուրդ։ Եվ մենք որպեսզի էդ հաճույքը կարողանանք կյանքի կոչել, պիտի փոխենք մեր ընկալումը մասնավորապես մի կարևորագույն ինստիտուտի նկատմամբ։ Դա հարկեր վճարելու ինստիտուտն ա»։
44-օրյա պատերազմից առաջ նմանօրինակ մի նախաձեռնություն էր ներկայացրել նաև իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ 2019 թվականին, սակայն, Դավիթ Տոնոյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։ Այս անգամ նախաձեռնության հեղինակը հենց Պաշտպանության նախարարությունն է։
Նախագիծը օրենք կդառնա ԱԺ -ում ընդունվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն։ Թե երբ է դա նախատեսվում, հստակ չէ։ ՄԻնչ այդ, այսօր Երևանի փողոցներում մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծ մասը առաջարկը խնդրահարույց է համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտպանության նախարարության համար Հայկ Սարգսյանի առաջարկը «սկզբունքորեն ընդունելի չէ»