Հայաստանի 17 խոշորացված համայնքներում մեկ ամսից կկայանան ավագանու ընտրություններ։ Առաջադրումների փուլն արդեն ավարտվել է. ամենաթեժ պայքարը սպասվում է Սիսիանում՝ այստեղ 7 քաղաքական ուժ է առաջադրվել, 5 ուժ կմրցի Թալինում, նույնքան էլ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կպայքարի գրեթե բոլոր համայնքներում՝ բացառությամբ Ճամբարակի։ Արդյոք սա փորձ է իշխանությունը ամրագրել նաև տարածքային կառավարման մարմիններում, հետաքրքրվեցինք իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանից։
«Յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցություն, որը կուսակցություն է, պիտի իր պարտքը համարի մասնակցել այս ընտրություններին, այսինքն՝ ներկայացնել հանրությանը տվյալ տարածքի զարգացման իր հեռանկարային մոտեցումները, որպեսզի հանրությունն ընտրության հնարավորություն ունենա», - ասաց Խաչատրյանը:
Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխանական ուժը չկարողացավ հաջողության հասնել մի քանի համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում, որտեղ ամենաշատ ձայներ հավաքած նախկին քաղաքապետը կալանավորվեց, ընտրության արդյունքներն էլ դեռ վիճարկվում են դատարանում։ Ընդդիմադիրները իշխանությանը մեղադրում էին մի շարք այլ համայնքներում ևս իրենց հաղթող թեկնածուներին հետապնդելու համար։
Այս փորձառությունից հետո խորհրդարանական ընդդիմությունից սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Դաշնակցությունը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները 17 համայնքներից մրցելու են 4-ում՝ Ալավերդիում, Սիսիանում, Բյուրեղավանում, ինչպես նաև Թալինում։ Այստեղ դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո որևէ ուժ մեծամասնություն չէր կազմել և անցկացվում են արտահերթ ընտրություններ։
ՀՅԴ ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը պարզաբանեց, թե ինչու են որոշել այդ 4 համայնքում ընտրապայքարի մեջ մտնել. - «Որովհետև սա ընտրություն է և ընտրությանը մասնակցում են ըստ հնարավորությունների, ըստ ստեղծված իրավիճակի, ըստ ազատ մրցակցության, ըստ քաղաքական իրավիճակի և մի շարք այլ գործոնների: Դրանով է պայմանավորված, այդ գործոնները համադրելով որոշել ենք, որ 4-ին մասնակցենք՝ որպես առանձին քաղաքական ուժ: Սխալ է այն կարծիքը, որ սա ազատ տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդի իշխանությունը ձևավորելու գործընթաց է, սա շատ կարճ ասաց՝ տեղական ինքնակառավարման մակարդակում ՔՊ իշխանությունը հաստատելու գործընթաց է: Ու այս գործընթացին, բնականաբար, մենք մեր քաղաքական գնահատականը նախորդին տվել ենք ու կարծում եմ, որ իրենց ձեռագիրը չի փոխվելու նաև այս պարագայում»:
Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների պասիվ մասնակցությունը նրանց հանրային աջակցության ցուցիչ է համարում։
«Պետք է կշտամբել ոչ թե մասնակցողին, այլ նրանց, ովքեր իրենց համարում են լուրջ կուսակցություն, բայց չեն մասնակցում: Պիտի մենք ինքներս մեզ հարց տանք՝ եթե դա կուսակցություն է, ինչպե՞ս է բաց թողնում այդ հնարավորությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու, ուրեմն դա թայֆա է, դա կուսակցություն չի», - նշեց նա:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին համեմատաբար ակտիվորեն մասնակցելու են արտախորհրդարանական ուժերը: 6 համայնքում կպայքարի «Ապրելու երկիր» կուսակցությունը, 4-ում՝ «Հանրապետություն» կուսակցությունը: Մնացած արտախորհրդարանական ուժերը 1-2 համայնքում են մրցելու: