«ԱՄՓ հոլդինգ» ընկերությունը դեռ մարտին կառավարությանն է նվիրել Հայաստանի խոշորագույն հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրեն պատկանող բաժնետոմսերի 6.8 տոկոսը՝ այդ մասին, սակայն, հայտնի դարձավ այսօր՝ կառավարության նիստում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը որոշման նախագիծ էր բերել, ըստ որի առաջարկվում է այդ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումը հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին՝ ինչպես նախորդ նվիրատվության դեպքում, երբ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» անցած տարվա սեպտեմբերի 30-ին գնեց կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը և նույն օրն էլ մի մասը նվիրեց կառավարությանը, որի արդյունքում պետությունը դարձավ կոմբինատի 15 տոկոսը բաժնետոմսերի սեփականատեր։
«Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս, այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ ենք գաղտնի որոշմամբ ընդունել, որովհետև բիզնեսը, այսինքն՝ նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ մենք առայժմ այդ որոշումը չհրապարակենք, այսինքն՝ որպես կոմերցիոն գաղտնիք պահվի, և երբ որ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, մենք հիմա այդ բաժնեմասը նույնպես հանձնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին՝ կառավարման համար: Հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլևս, այսինքն՝ մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս», - հայտարարեց Վարչապետը:
Փաստորեն, այս նվիրատվությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունը երկրորդ խոշոր բաժնետերն է՝ Տրոցենկոյից հետո, որին պատկանում է բաժնետոմսերի առնվազն 32.4 տոկոսը՝ ըստ պետռեգիստրի տվյալների։
Թե ինչո՞ւ են մասնավոր ընկերությունները որոշում պարզապես նվիրել հայաստանյան խոշորագույն ընկերությունում իրենց ունեցվածքի մի մասը Փաշինյանի գլխավորած կառավարությանը, տակավին պաշտոնական բացատրություն չկա։ Այդ ընկերությունները և Հայաստանի կառավարությունը լռում են, չնայած գործադիրին ուղղված լրատվամիջոցների բազմաթիվ հարցումներին՝ պարզաբանել նման շքեղ նվիրատվությունների պատճառը։
Կառավարությանը կոմբինատի բաժնետոմսերի հերթական խմբաքանակի նվիրատվության հետ կապված «Ազատությունը» հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել։ Դեռ չեն պատասխանել։ Թեև ինչպես նախկինում, այսօր էլ վարչապետը հիշեցրեց դեռ անցած տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սյունիքում արված իր հայտնի հայտարարությունը, թե կոմբինատը անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով, ուստի՝ ժողովրդին է վերադարձվելու կոմբինատում կոռումպացված փայատերերի ունեցվածքը։
«Ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված և հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի և՛ ոլորտի թափանցիկությանը, և՛ ընդհանրապես պետական եկամուտների գեներացմանն ու ընդհանուր մեր երկրի զարգացմանը», - ընդգծեց Փաշինյանը:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների համաձայն, «ԱՄՓ հոլդինգ» ընկերությունը 2017թ. դեկտեմբերից ամբողջովին պատկանում է «Սթար դասթ» ՓԲԸ-ին, որի տնօրենը անցած տարվա մայիսից Մհեր Պոլոսկովն է, ով այս տարի ավելի վաղ՝ պետբյուջե փոխանցեց 15 միլիարդ դրամ՝ ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու գործով։ Այդ փոխանցումից հետո Պոլոսկովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Սակայն էլ ավելի հետաքրքիր է, թե ովքեր են «Սթար դասթ»-ի սեփականատերերը, և ըստ պետռեգիստրի, ընկերությունը պատկանում է 21-ամյա Գուրգեն Ամբարյանին և Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կրտսեր եղբորը՝ Կարեն Հակոբյանին, որոնք երկուսն էլ կոմբինատում ունեն 2.5-ական տոկոս։
Արդյո՞ք ընդդիմադիր Վահե Հակոբյանի եղբայրն է նվիրատվության հեղինակը
Արդյո՞ք ընդդիմադիր գործչի եղբայրն է նվիրատվության հեղինակը, թեև ինքը՝ Վահե Հակոբյանը անցած տարվա նոյեմբերին «Փաստինֆոյի» հետ զրույցում «կառավարության ռեկետ» որակեց Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվությունը պետությանը։
«Ազատության» հետ զրույցում, սակայն, ընդդիմադիր պատգամավորը այսօր հերքեց, որ «ԱՄՓ հոլդինգը» պատկանում է իր եղբորը, թեև, այդ մասին վկայում է կառավարության պետռեգիստրի պաշտոնական կայքը։
«Դուք էդ հարցը ուղղեք նոր բաժնետերին, նույն «Գեոպրոմայնինգ» ընկերությունն է դա», - ասաց Հակոբյանը:
«Ազատության» դիտարկմանը, որ պետռեգիստրում նշված է, թե «ԱՄՓ հոլդինգը» պատկանում է «Սթար դասթ» ընկերությանը, Հակոբյանն արձագանքեց՝ «ձեր ինֆորմացիան հնեցած է»՝ ասելով, որ իր եղբայրն այլևս կոմբինատի բաժնետեր չէ:
Թե երբ է տեղի ունեցել բաժնետոմսերի վաճառքը, նա ասաց. - «Չեմ կարող մտաբերել: Ո՞նց կարանք մենք էս կառավարությանը ինչ-որ բան նվիրենք»:
Պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկատուն է. Այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 104,7 միլիարդ դրամ հարկ ու տուրք։