Ռուսաստանում ձերբակալվել է Կրեմլի քննադատ Եվգենի Ռոյզմանը՝ բանակը վարկաբեկելու մեղադրանքով

Այսօր վաղ առավոտյան Եկատերինբուրգում իրավապահները ձերբակալել են նախկին քաղաքապետ, Պետդումայի նախկին պատգամավոր, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Եվգենի Ռոյզմանին։

Mash ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ անվտանգության առնվազն 6 դիմակավորված աշխատակիցներ մուտք են գործում այն շենքը, որտեղ բնակվում է քաղաքական գործիչը՝ բղավելով՝ «ոստիկանություն, բացի՛ր դուռը», հետո արագ բարձրանում են Ռոյզմանի բնակարան։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ իրեն ձերբակալել են 280․3 հոդվածով և քրեկան գործը, Ռոյզմանի խոսքով, հարուցվել է ընդամենը մեկ նախադասության համար՝ «ոչ պատերազմին»։ Լրագրողների հարցին, թե որտե՞ղ է ասել այդ նախադասությունը, նա պատասխանել է․ - «Ամեն տեղ ասել եմ ու նորից կասեմ»։

Խուզարկություններ են կատարվել Ռոյզմանի բնակարանում, ֆոնդում և նրա հիմնած սրբապատկերի թանգարանում։

Իրավապահները Ռոյզմանի ֆոնդի շենքի մոտ, 24-ը օգոստոսի, 2022թ․

Իշխանամետ Ура.ру (URA.Ru) հրատարակությունը հայտնում է, որ իբր Ռոյզմանի բնակարանում հայտնաբերվել են օտարերկրյա դիվանագետների և գործիչների, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի այցեքարտեր։

Ոստիկանությունն առայժմ միայն ձրեբակալության փաստն է հաստատել՝ տեղեկացնելով, որ ընդդիմադիր գործիչը կտեղափոխվի Մոսկվա՝ հետաքննության համար։ Ոստիկանության մամուլի ծառայության համաձայն, նա կասկածվում է ռուսական բանակը բազմիցս վարկաբեկելու մեջ և նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Օգոստոսի կեսին Եկատերինա Գորդեևային տված հարցազրույցում նա ասել էր, որ չնայած համատարած ճնշումներին, հայրենիքից չի հեռանա։

«Ինչո՞ւ պետք է հեռանամ, ես կապված եմ այս հողին, այստեղ եմ ծնվել ու մեծացել, մի միլիմետր էլ չեմ շարժվի։Ես սիրում եմ իմ երկիրը։ Հասկանում եմ բոլոր ռիսկերը, բայց չեմ կարող հեռանալ այստեղից, թեկուզ միայն այն պատճառով, որ դա փախուստ կլինի, դա երբեք չի լինի», - ասել է նա։

Փետրվարից Ուկրաինայի դեմ սկսված հարձակումից հետո Պուտինի վարչակազմը խստացրել է ճնշումը այլախոհների նկատմամբ․ ապրիլին ձրեբակալվել էր ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Կարա-Մուրզան, հուլիսին՝ Իլյա Յաշինը՝ երկուսն էլ ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով, որը Քրեական օրենսգրքում հայտնվեց Ուկրաինայի դեմ Պուտինի սկսած պատերազմից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուրի Շևչուկը բանակը վարկաբեկելու մեղադրանքով տուգանվեց 50 հազար ռուբլով