Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետ տեղադրելով Հայաստանի կառավարությունը ցույց է տալիս, թե որն է ապաշրջափակման իր համար ընդունելի տարբերակը, կարծում են տարածաշրջանային զարգացումներին հետևող փորձագետները։
Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով, այլ խնդիր է՝ կցանկանա՞ն արդյոք ադրբեջանցիներն ու թուրքերը օգտվել Հայաստանի սուվերեն ճանապարհներից, թե՞ կշարունակեն պնդել «Զանգեզուրյան միջանցքի» պահանջը. - «Չափազանց կարևոր է, որ Հայաստանի տարածքը դառնա երթևեկելի հարևան բոլոր պետությունների համար։ Ադրբեջանը, բնականաբար, միջանցք է ուզում, ուզում է մի միջանցք, որը հավասարազոր կլինի կամ մոտ կլինի այն միջանցքին, որը ինքը տալիս է կամ ստիպված է տալ ռուսներին, որպեսզի Հայաստանը կապվի Արցախի հետ։ Եվ երբ որ Ալիևը խոսում է միջանցքի մասին անդադար, իմացեք, որ ինքը առաջին հերթին և հատկապես խոսում է Ռուսաստանի հետ»։
Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր տեղադրելու հանձնարարականը տվել էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում ընդգծելով, որ դա պետք է լինի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով. - «Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Մենք էսօր էլ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն ա, էկեք հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց էսօր»։
Դրանից մոտ տասն օր անց՝ անցած շաբաթ, անցակետերի բացման վերաբերյալ նախագիծ դրվեց շրջանառության մեջ։ Իսկ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, թե նորամուծությունից հետո «ճանապարհների փակում կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում» ո՛չ Հայաստանի քաղաքացիների, ո'չ էլ օտարեկրացիների համար։ Թե երբ է նախագիծը քննարկման դրվելու կառավարության նիստում, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչպես է այս առաջարկին արձագանքել Բաքուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից Նախիջևան հնարավոր տարանցման ժամանակ ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը չի խոչընդոտվի. ԱԱԾՀրապարակային արձագանք չկա նաև Մոսկվայից։ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանի կարծիքով, նաև Ռուսաստանն է շահագրգռված Հայաստանի միջոցով Թուրքիայի հետ կապ ունենալու հարցում. - «Ռուսաստանն այնքան շահագրգռված է Թուրքիայի հետ տրանսպորտային լրացուցիչ կապ ունենալու հարցում, որ պատրաստ է ճնշում գործադրել Երևանի վրա դրան հասնելու համար։ Բայց, մյուս կողմից, դա Հայաստանի համար կարող է հնարավորություն լինել բարձրացնել իր գինը ռուսական կողմի մոտ և այնպես անել, որ Մոսկվան փորձի ինչ-որ ձև այս հարցում պայմանավորվել»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի համար մեծացել է Ադրբեջանի և Թուրքիայի դերը, ինչը նկատելի է թե' ռուս պաշտոնյաների հայտարարություններից, թե' գործողություններից։ Որպես օրինակ Գրիգորյանը մատնանշում է ռուս դիվանագետի այցը Շուշի, խաղաղապահների կողմից ադրբեջանցի լրագրողներին Աղավնո ուղեկցելն այն դեպքում, երբ հայ լրագրողների մուտքը ամեն կերպ խոչընդոտվում է. - «Ադրբեջանը շատ անկախ քաղաքականություն է վարում, ու այդ անկախ քաղաքականության արդյունքում հնարավորություններ են ստեղծվում Մոսկվայի հետ ինչ-որ նույնիսկ շանտաժի լեզվով խոսել որոշ հարցերում։ Որովհետև Ռուսաստանում իրավիճակը բավականին բարդ է այս փուլում։ Երկրորդ գործոնը, որը կարող է նպաստել մեր կողմից զիջումներին, դա իհարկե հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ճգնաժամն է և Հայաստանի իշխանությունների կողմից աշխատանքի բացակայությունը ռուսների հետ բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում»։
Պետական գերատեսչությունները առայժմ խուսափում են մանրամասներ հայտնել Հայաստանի Նախիջևանի, ինչպես նաև Թուրքիայի հետ կապող երեք նոր անցակետերի վերաբերյալ։ Պետական եկամուտների կոմիտեից միայն փոխանցեցին, որ անցակետերը գործելու են Հայաստանի և ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխան։ Բայց հա՞յ, թե՞ ռուս սահմանապահներն են լինելու անցակետերում կամ այլ հարցերով հորդորեցին դիմել ԱԱԾ, որտեղից որևէ պարզաբանում ստանալ մեզ այսօր չհաջողվեց։
Your browser doesn’t support HTML5