Ամերիկացի քաղաքագետներն ու ճապոնացի պատգամավորները այցելել են Թայվան

Թայվան են այցելել ամերիկացի մի խումբ քաղաքագետներ, նախկին պաշտոնյաներ։ Նրանց հետ այսօր կայացած հանդիպմանը Թայվանի նախագահ Ցայ Ինվենը ասել է, որ Թայվանը Չինաստանի բանակին ճանապարհել է վեց տասնամյակ առաջ և վճռական են երկիրը պաշտպանել նաև այսօր։

«64 տարի առաջ օգոստոսի 23-ի ճակատամարտում մեր զինվորներն ու քաղաքացիները գործելով համերաշխ՝ պաշտպանեցին Թայվանը, և այսօր մենք ժողովրդավար Թայվան ունենք», - ասել է նա։

1958 թվականի օգոստոսին Չինաստանը ռազմական գործողություն էր սկսել անջատված Թայվանի դեմ, բայց ավելի քան մեկ ամիս շարունակված այդ գործողությամբ Պեկինը հաջողության չէր հասել։

Թայվանի նախագահն այսօր ասել է․ «Մեր հայրենիքի համար այդ ճակատամարտը աշխարհին ցույց տվեց, որ ոչ մի սպառնալիք չի կարող սասանել Թայվանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկիրը և՛ անցյալում, և՛ հիմա, և՛ ապագայում»։

Նա նշել է, որ Թայվանի նեղուցում վերջերս Չինաստանի անցկացրած զորավարժությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի ու Թայվանի ստատուս-քվոյի համար։

Ցայ Ինվենն ընդունել է նաև ճապոնացի երկու պատգամավորներին, առաջիկայում ակնկալում են պաշտոնյաների այցեր Կանադայից, Բրիտանիայից։

Օգոստոսի առաջին օրերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո տարբեր պատվիրակությունների այցերի շարք է սկսվել Չինաստանից անջատված կղզի։

Պեկինը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում, դատապարտում է օտարերկրյա պաշտոնյաների այցերը Թայվան։