Ազատանցի 19-ամյա Պալյան Պողոսյանը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողի վկայականը վերցրել էր, բայց այդպես էլ չհասցրեց լսարան մտնել. բանակ զորակոչվեց:
Հաջորդ գարնանը պիտի զորացրվեր, սակայն հուլիսի 17-ին ծնողները լուր ստացան, որ Սյունիքի դիրքերից մեկում բռնկված հրդեհից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Թեև հիվանդանոցում բժիշկները տասը օր պայքարել էին, բայց այդպես էլ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել։
Հիմա ծնողնեը հիշում են, թե ինչ էր որդին պատմել մահվանից առաջ, ինչ էին լսել նրա ծառայակիցներից ու պնդում, որ եթե իրենց մինուճարին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերվեր, այսօր նա ողջ կլիներ։
«Տեղում ընդհանրապես իմ գիտենալով, այսինքն ինձ հասած տեղեկություններով, տեղում բուժօգնություն չի ցուցաբերվել: Իմ տղան է ինձ պատմել: Որդիս պատմեց, որ Կարենը սկսեց աղոթել, ու մենք լուռ քարացած ձայն չէինք հանում: Էնտեղ ընդհանրապես բուժօգնություն չի ցուցաբերվել պոստում: Եթե իրանք ժամանակին հենց սկզբից, հենց վերևից՝ պոստից ճիշտ կազմակերպեին, իմ երեխու հետ էս դեպքը չէր կատարվի», - ասում է Պալյանի մայրը՝ տիկին Գալյան:
Դեպքի մասին առաջին լուրը տղայի ընկերներից են ստացել։ Պաշտպանության նախարարությունը միայն 8 օր անց է հայտնել, երբ զինվորի վիճակը արդեն ծայրահեղ ծանր էր։ Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից: Մինչդեռ ինքը՝ Պալյանը, դեպքի մասին այլ հանգամանքներ էր պատմել՝ կասկածներ առաջացնելով, թե ինչու է տնակում գտնված զինծառայողներից միայն նա նման այրվածքներ ստացել:
«Ես չգիտեմ, հանելուկ է: Էդ ինչպիսի հրդեհ էր, որ տեղեկացնում են, թե մի շիշ ջրով հանգցրեցինք, լուրեր են պտտվում, բայց 60 տոկոսով այրվում է երեխուս մարմինը, 20 տոկոս՝ շնչուղիները։ Էդ ի՞նչ հրդեհ էր, կամ ինչպե՞ս ստացվեց եթե իմ Պալյանս, որդիս ինձ պատմում է՝ ես դռնից գտնվել եմ ամենավերջը ու իմ մահճակալը եղել է անկյունում, էդ ինչպե՞ս ստացվեց, որ վառարանի կողքի տղաները արագ կերպով դուրս փախան, Պալյանը էդ կարգի այրվածքներ ստացավ: Չգիտեմ, էս բոլորն ինձ համար հանելուկ է։ Անհայտ, անլուծելի հանելուկ», - տարակուսում է որդեկորույս մայրը:
Եթե թաքցնելու բան չունեին, Պաշտապանության նախարարությունն ինչո՞ւ դեպքից միայն 8 օր անց է հաղորդում, հարց է բարձրացնում տիկին Գալյան: Դիրքից ծանր այրվածքներ ստացած որդուն, ըստ նրա, «Վիլիս»-ով են տեղափոխել Սիսիանի հիվանդանոց: Սիսիանից Երևանի այրվածքաբանական հիվանդանոց տեղափոխման մասին էլ ծնողները հարցեր ունեն՝ ո՞վ է որոշել ու ինչո՞ւ սանավիացիա չի տրամադրվել ծանր այրվածքներ ստացած զինվորին րոպե առաջ հիվանդանոց հասցնելու, կյանքը փրկելու համար: Դեպքից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց ծնողները դեռ պատասխան չեն ստացել:
«Մեր պետությունը ես գիտեմ, որ բժշկական ուղղաթիռներ ունեն: Ո՞վ է եղել էն բժիշկը, որը ենթադրել է, որ չի կարելի ուղղաթիռ նստեցնել, ուղղաթիռով տեղափոխելով է էդ իրավասու անձը ով է պարզեն թող պարզեն էս բոլոր հացերը թող պարզվեն ես չեմ ուզում որևէ հայ օջախ նույն ձև մարեն»:
Որդուն կորցնելու մեջ հայրը՝ Ջիվան Պողոսյանը, պաշտպանական գերատեսչությանն ու անձամբ նախարարին է մեղադրում։ Ասում է՝ անփութության ու անպատասխանատվության հետևանք է: Դեպքից ավելի քան մեկ շաբաթ անց են միայն Պաշտպանության նախարարությունից առաջին անգամ հիվանդանոց եկել՝ զինծառայողին տեսակցելու, պատմում է հայրը. - «Հիվանդանոցում ինչ պետք է եղել ,մենք ենք հասցրել երեխուն։ Բայց էդ վիճակին մենք ընչի՞ բդի հասցնեինք՝ եթե իրանք կային... բա դուք ո՞ւրդեղ եք, ինչի՞ համար եք: Արյունը բդի բերվեր 10 րոպեյվա, բերել ենք ժամվամ... Ու էդ ամեն ինչը չափանիշներ են, որ մենք կրնայինք ավելի շուտ իմ երեխուս փրկեինք։ Ու ըդիկ սաղ իրանց մեղավորությունն է, իրանք բդի պատասխան տան ամենառաջին պատասխան տվողը բդի եղնի նախարարը, ինքը բդի պատասխանե»:
Պահանջում են հանդիպում նախարարի հետ: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախարարը մոտ ապագայում կհանդիպի որդեկորույս ծնողների հետ. - «Ապագայում՝ մեկ-երկու ամսվա կտրվածքով, այդ հանդիպումը տեղի կունենա»։
Որդեկորույս ծնողները նաև հիվանդանոցում իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից են վրդովված: Բողոքում են, թե օրեր շարունակ միայնակ են մնացել իրենց ցավի հետ։
«Մենք տասը օրվա ընթացքում եղել ենք կամ միջանցքում, կամ 2-րդ հարկի միջանցքում, կամ հիվանդանոցի բակում։ Գիշերն էլ ամուսիններով մնացել ենք մեր մեքենայի մեջ... Էդ զինվորը մենակ իմ համար չէր, էդ զիվորը բոլորի զինվորն է եղել ձեր բոլորի: Էդ որ թուրքի դիմաց իմ երեխես, ձեր հագիստ քունն է ապահովել, որ դուք գիշերը հանգիստ գլուխներդ բարձին դրել-քնել եք էդ զինվորը մենակ իմը չէ», - ասում է տիկին Գալյան:
Պալյան Պողոսյանի ծնողների կողմից պաշտպանական գերատեսչությանն ուղղված մեղադրանքներին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց՝ հարցերի պատասխանը նախաքննությունը կտա. - «Կա հարուցված քրեական գործ, և քրեական գործի արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ Եվ եթե կլինեն պատասխանատու պաշտոնյաներ կամ աշխատակիցներ, ովքեր թերացել են, բնականաբար, օրենքի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն նախաքննությունը»:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում: Ծնողներն ասում են, որ պատրաստ են մինչև վերջ գնալ, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն. - «Ճիշտ է, մենք մեր որդուն հետ չենք բերե, բայց մեղավորները պատժվեն, որ նման դեպքերը չկրկնվեն հայերի օջախներում»: