ԵՄ երկրները «պետք է անհապաղ չեղարկեն ռուսների շենգենյան վիզաները»

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիս

ԵՄ երկրները պետք է անհապաղ չեղարկեն ռուսների համար նախկինում տրված շենգենյան վիզաները, որոնք բազմակի մուտք են ապահովում այդ երկրներ, ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ այսօր Politico-ում հրապարակված մեկնաբանությունում։

«Այս պահից սկսած մենք պետք է հստակ «ոչ» ասենք Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկներին: Միևնույն ժամանակ, շարունակեք ընդունել նրանց, ովքեր ապաստանի կարիք ունեն, ոչ թե Եվրոպայում հանգստանալու», - Լիտվայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում Politico-ն։

Նախարարն առաջարկել է «չեղարկել նախկինում տրված երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագրերը» առնվազն այն ժամանակահատվածի համար, երբ ռուսական ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում շարունակվում է։

Նա կարծիք է հայտնել, որ այս հարցը կարող է պառակտում առաջացնել ԵՄ երկրների միջև, որոնք այժմ վիզաներ են տրամադրում և ովքեր դադարել են դա անել։

Էստոնիան արդեն դադարեցրել է Էստոնիայի հյուպատոսությունների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։

Եվրոպայում շարունակվում է քննարկումը պատերազմի ֆոնին ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքի թեմայի շուրջ։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ֆինլանդիան կողմ են համաեվրոպական արգելքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին, The Washington Post պարբերականին տված հարցազրույցում,առաջարկել էր ամբողջ Եվրոպայում արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը:

Մոսկվան խիստ է արձագանքել այդ կոչին և դատապարտել է նման հայացքներ արտահայտող եվրոպացի գործիչներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն առաջարկում է արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը արևմտյան երկրներ, Մոսկվան քննադատում է այս կոչը