Փաշինյանը պահանջում է այլևս սկզբունքային լինել անվտանգության կանոնների պահպանման հարցում 

Հայաստանում անվտանգության կանոնների պահպանության գործում պետք է գնալ նոր չափանիշների, և այս հարցում չպետք է լինեն փոխզիջումներ, այսօր կառավարության նիստում անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածին` հայտարարեց վարչապետը։

Թե որն է պատճառը, որ նախորդ չորս տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանն է գլխավորում կառավարությունը, իշխանությունները սկզբունքային չեն եղել տարաբնույթ՝ սննդի, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման հարցում, վարչապետը չհստակեցրեց։ Փոխարենը, խոստովանեց, որ այդ ամենի հետևանքով խնդիրները կաթիլ-կաթիլ կուտակվում են ու ի վերջո պայթում։

«Ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ` հիմա գարնան սեզոնը բացվել է, հիմա մեր երկրում այսքան կառուսել է աշխատում, ԱԻն ՊՈԱԿ-ն այո, պետք է գնա տեխնիկական, բայց ինձ համար ակնհայտ է, ինչքան էլ թղթաբանությամբ, տեղեկանքներով և այլն, ամեն ինչ նորմալ է, ինձ համար ակնհայտ է` մենք առաջիկա ժամանակում, իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կառուսելներին նայում ես, 70 տոկոսն ինքը, կներեք, աղետի նախանշան է, որ մի աղետ ունենալու ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սուրմալուում» հրդեհը հաջողվել է ամբողջովին մարել բռնկումից միայն 53 ժամ անց

Գործադիրի նիստը սկսվեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հաշվետվությունից. օրինակ` «Սուրմալուում» հրդեհը հաջողվել է ամբողջովին մարել բռնկումից միայն 53 ժամ անց. «Փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը` զոհված, 10-ը` փրկված: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ այս օրերի ընթացքում 935 փրկարար ծառայող, որից 350-ը` հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա, ներկա պահին ճանաչված է 16 դիերից, նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված, և ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է: Մենք ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսն այդ հատվածը և մոտեցել ենք բուն ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և իրականացնում ենք այնտեղ որոնողափրկարարական աշխատանքներ»:

ԱԻՆ-ում չեն բացառում, որ փլատակների տակ եղած մարմինը հնարավոր է չգտնեն։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այդտեղ է եղել հարվածային ալիքը, նաև այդ հրդեհը և այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը», - նշեց նախարարը:

Կառավարության նիստում պարզվեց, որ դեռ 2020-ին` Բեյրութում տեղի ունեցած հայտնի պայթյունից հետո, վարչապետը հանձնարարել է գերատեսչություններին տեղեկատվություն հավաքել հայաստանյան օբյեկտների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ։ Սակայն, առայսօր՝ երկու տարվա ընթացքում ամբողջական տեղեկություն չի ստացվել։

«Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա: Պարո՛ն Պետրոսյան, ինձ հնարավորինս կարճ ժամանակում, բայց պետք չի նաև շտապել մակերեսային եզրակացությունների գալու համար, ինձ կներկայացնեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարականը, և օբյեկտիվ եզրակացության պիտի հանգենք», - նշեց վարչապետը:

Ինչպե՞ս կարելի է 16 տեսուչով տարեկան ստուգել 30 հազար օբյեկտ

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում բարձր ռիսկայնության մոտ 30 հազար օբյեկտ կա, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստուգվի տարեկան առնվազն մեկ անգամ։ Այս գործը կառավարությունը վստահել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որտեղ աշխատում է ընդամենը 16 տեսուչ: Վերահսկող մարմնից օրերս «Ազատությանը» պաշտոնապես հայտնել էին՝ 30 հազարից տարեկան 500-ն են հասցնում ստուգել։ Այլ կերպ ասած` բարձր ռիսկայնության շենքերի 98 տոկոսը այդպես էլ չի ստուգվում և մնում է ճակատագրի քմահաճույքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեսչական մարմինը պարտավոր էր կասեցնել «Սուրմալու»-ի գործունեությունը. Բաբկեն Պիպոյան

Բյուջեի միջոցնե՞րն են սուղ, մասնագետնե՞րն են սակավ, թե՞ այլ պատճառներ կան՝ հստակ չէ։ Տեսչությունից «Ազատության» այս հարցերին չեն պատասխանել։

Այսօր ևս կառավարության նիստում այս մասին որևէ պաշտոնյա որևէ բառ չասաց։ Թեև նիստին ներկա էր տեսչության ղեկավար Գեղամ Շախբազյանը, սակայն նա էլ կառույցի կարողություններն ընդարձակելու կամ օբյեկտների ռիսկայնությունը նվազեցնելու հավելյալ քայլերի մասին որևէ բառ չասաց։