Սպիտակ տունը ողջունում է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը, Twitter-ի իր օգտահաշվում անցած գիշեր գրել է Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ես ողջունում եմ Իսրայելի և Թուրքիայի այսօր հրապարակած հայտարարույթունները, որոնցով երկու երկրները ամբողջությամբ վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները», - գրել է Սալիվանը։
«Այս քայլը հավելյալ անվտանգություն, կայունություն և բարգավաճում կպարգևի թե՛ երկու ժողովուրդներին, թե՛ ողջ տարածաշրջանին», - նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Դիվանագիտական հարաբերությունները լիարժեք մակարդակին վերադարձնելու մասին երեկ նախ հայտարարեց Իսրայելի վարչապետի աշխատակազմը, որից հետո Թուրքիան ԱԳ նախարար Չավուշօղլուն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Անկարան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում։
Երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը ծագել էր 2010 թվականին՝ Mavi Marmara նավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։