Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իսրայելն ամբողջությամբ վերականգնում են դիվանագիտական կապերը


Թուրքիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Յաիր Լապիդը, արխիվ
Թուրքիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Յաիր Լապիդը, արխիվ

Իսրայելը և Թուրքիան ամբողջ ծավալով վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ էին հայտնվել 2010 թվականի միջադեպից հետո:

«Վարչապետ Յաիր Լապիդի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո երկու երկրները որոշել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի այսօր հրապարակած հաղորդագրությունում, որի համաձայն, երկու երկրների դեսպանները և գլխավոր հյուպատոսները կվերադառնան աշխատանքի:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ Իսրայելում նոր դեսպանի անունը կհրապարակվի նախագահ Էրդողանի կողմից համապատասխան կարգադրությունը ստորագրելուց հետո:

Թուրքիայի դեսպանն աշխատելու է Թել Ավիվում, քանի որ Անկարան հրաժարվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:

Այս տարվա մայիսին Չավուշօղլուն այցելել է Իսրայել, որտեղ հանդիպել է այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Յաիր Լապիդի հետ:

Չավուշօղլուն ասել է, թե իր այցի նպատակն է «վերաբեռնել» երկկողմ կապերը, որոնք խաթարվել են այն բանից հետո, երբ իսրայելյան հատուկ ռազմական ստորաբաժանումը գրոհել և գրավել է «Մավի Մարմարա» նավը, որը մարդասիրական օգնություն պետք է հասցներ շրջապատման մեջ գտնվող Գազայի բնակիչներին:

Դեսպանների նշանակման հարցը քննարկվել է նաև հունիսի 23-ին արտգործնախարար Յաիր Լապիդի Անկարա կատարած այցի ընթացքում (Լապիդը և Նաֆտալի Բենետը ռոտացիոն կարգով են զբաղեցնում Իսրայելի վարչապետի պաշտոնը):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG