Գայանե Խաչատրյանը շուրջ 5 տարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամսական 180.000 դրամ է տվել՝ մոտավորապես 40 քառակուսի մետրանոց տաղավարի դիմաց։ Վարձը, սակայն, որևէ ծառայություն չի ներառել, անգամ զուգարանից օգտվելու համար ստիպված է եղել հավելյալ վճարել։
Պայմաններից դժգոհ էր, բայց հարմարվել են. «Սպասարկում, այդպես չի եղել ինչ-որ մի բան, որ ստանանք։ Ոչ մի տենց դեպք չի եղել, որ ինչի կարիք ունենանք, իրենց դիմենք, ես չեմ հիշում տենց բան։ Մենք մեր ձեռքով։ Հոսանքը եթե փչացել է, սարքել ենք, կամ մեջի պոլկաները, սաղ մենք ենք դասավորում, սարքում, իրենք գործ չունեն։ Զուգարանն էլ վճարովի է, աշխատողների համար 50 դրամ, հաճախորդների համար՝ 100 դրամ։ Կան ավելի գեղեցիկ առևտրի կենտրոններ, որ զուգարան մտնում ես մաքուր, սիրուն։ Մենք ձմեռով էլի ահագին քայլում էինք մի հատ զուգարան հասնելու համար։ Պայմաններն այդքան էլ լավ չէր, բայց մենք պարտաճանաչ մուծումներ էլ ենք արել, ինչ ասել են՝ դրան էլ հարմարվել է ժողովուրդը։ Թանկացրին, մենք էլի ձայն չհանեցինք», - «Ազատությանն» ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի պահեստում մոտ չորս տոննա պայթուցիկ նյութ է եղել. հայտարարում են նախարարն ու իշխող ուժի ներկայացուցիչըՈղբերգական միջադեպի օրը դրսում մի բաժակ սուրճի շուրջ գործընկերներով զրուցելիս են եղել, երբ պայթյունի առաջին ձայնին հաջորդել են մյուսներն, ու վայրկյանների ընթացքում հայտնվել է իրական սարսափում։ Իր ողջ մնալը հրաշք է համարում, վնասվածքներ է ստացել, բուժումը հիմա տանն է շարունակում։
«Ալիքը եկավ պայթյունից առաջ, ինձ արագ գցեց, ոտքերս եմ վնասել, կուրծքս, ձեռքս, բայց ուժ գտա ու հելա, ոտքի կանգնեցի։ Զգում էի քարերը գալիս են, բայց ինձ չի կպնում, մենակ հող է իջնում վրաս։ Այդ մեծ շիֆեռը ուղիղ դիմացս նեկավ, ճանապարհս փակեց։ Սարի նման բարձրանում էի բետոնների, քարերի վրայով, չեմ էլ տեսել՝ ինչեր են, երկաթներ են։ Տենց մի փոքր լույս տեսա, դարպասի լույսն էր, այդ լույսի ուղղությամբ դուրս եմ եկել ու գոռացի, որ փրկվեցի։ Վառվում էի ես, ջուր լցրեցի, մի մարդ տեսավ, ասաց՝ արի, տանեմ հիվանդանոց, ասացի՝ գնամ, տեսնեմ՝ ընկերուհիներս ինչ վիճակում են, նոր։ Հեռվից տեսա, որ բոլորը ողջ են, իմ մոտիկներից, ասացի՝ այ հիմա ինձ տարեք հիվանդանոց։ Բերեցին հիվանդանոց, առաջին օգնությունը ցույց տվեցին, հետո եկա տուն», - պատմեց Գայանե Խաչատրյանը։
Նրա պես շատերն են տարիներ շարունակ «Սուրմալուում» տաղավարներ վարձակալել։ Այս օրերին «Ազատությանը» հաջողվել է զրուցել վարձակալներից 4-5-ի հետ։ Բոլորը նախ դժգոհում էին շուկայի պայմաններից, հետո՝ կրկին կապվում մեզ հետ ու խնդրում իրենց անունները չհրապարակել։ Ակնարկում էին, որ լրացուցիչ գլխացավանք չեն ուզում ունենալ, ասում էին՝ հետո «մենք ենք նրանց հետ մենակ մնալու», չմանրամասնելով, թե ում նկատի ունեն։
Գայանեն միակն էր, որ համաձայնեց ներկայանալ, պատմեց՝ վճարումները միայն վերջերս են բանկային մուտքագրմամբ արել, մինչև այդ՝ առձեռն։ Ում են վճարել, այդ վճարումների որ մասն է բյուջե մուտքագրվել՝ չգիտի, ասաց՝ տնօրինությունից ոչ մեկի հետ կապ չեն ունեցել. «Այդ ժամանակ գալիս էր, մի մարդ էր հավաքում, հետո բանկային սարքեցին, սա արդեն երկրորդ անգամ պիտի բանկով փոխանցեինք»։
«Երևանի պահածոների գործարանը», որը շահագործում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը, պաշտոնական տվյալներով՝ մեկ սեփականատեր ունի՝ 86-ամյա Ռազմիկ Զախարյանը, որը եղել է Կամոյի շրջանի մսի գործարանի տնօրեն։ Կոմկուսի անդամ Զախարյանը 1991-ին նաև պատգամավոր է եղել։ Այս օրերին նրա հետ կապ հաստատելն անհնար է, հեռախոսն անհասանելի է։ «Ազատության» զանգերին չեն արձագանքում նաև տոնավաճառի տնօրենները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալուի» և՛ տնօրինությունը, և՛ սեփականատերերն անպայման հարցաքննվելու են. դատախազությունԿադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 6 հեկտար տարածքով այս տոնավաճառում 19 վարձակալ կա։ Աշխատակիցիները «Ազատության» հետ զրույցում ասում էին՝ իրենք գիտեն, որ ներսում շուրջ 100 կրպակ կա, եթե ոչ ավելին։ «Հետք» պարբերականի տվյալներով՝ մնացած կրպակները գրանցված չեն Կադաստրում։
Ընտանիքի միակ եկամուտը կորցրած ու շուրջ 20 միլիոն դրամի կորուստ կրած Գայանեն էլ փոխհատուցման մասին դեռ չի մտածում, չգիտի էլ՝ մտածելու դեպքում ում դիմի։ Հիմա դեռ պայթյունի հետևանքով մահացած ընկերների անուններն է թվում. «Վաչեն էր, Էռնան էր, մեր Վարդան ձյաձյան էր, օրվա բարևն էինք տալիս, շփվում էինք»։
Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ փոխհատուցման հարց դեռ չի քննարկվում։ Ի դեպ, անցած տարվա ապրիլին նույն տոնավաճառում տեղի ունեցած հրդեհից տուժածներին էլ կառավարությունը փոհատուցում չի տրամադրել։ Ըստ մեր զրուցակիցների՝ վնասները չի փոխհատուցել նաև տարածքի սեփականատերը՝ հրդեհի բեռը թողնելով առևտրականների վրա։