«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը վստահ է՝ տեսչական մարմինն իր պարտականությունները չի կատարել։ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեսչական մարմնի կողմից մեկ տարի առաջ կատարված ստուգումների ու վերստուգման բացակայությանը՝ Պիպոյանն ասաց, որ այդ մարմինը պետք է կասեցներ առևտրի կենտրոնի գործունեությունը։
Շուրջ 2 տասնամյակ գործող այս տարածքում, որտեղ ավելի քան 200 խանութներ կան, և հարյուրավոր մարդիկ են աշխատում, տեսչական մարմինը վերջին անգամ ստուգում էր իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այն ժամանակ հայտնաբերվել էր անվտանգության կանոնների մոտ երկու տասնյակ խախտում։ Օրինակ՝ պարզվել էր, որ չի եղել հակահրդեհային ջրավազան, հրդեհավտանգ տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված, խանութների դռները չեն բացվում դեպի դուրս, 3500 քառակուսի մետրը գերազանցող երկհարկանի առևտրի սրահում չկա հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, գոյություն ունեցող համակարգերն էլ սարքին չեն։
Ներկայացնում ենք հատված Բաբկեն Պիպոյանի հետ հարցազրույցից.
«Ազատություն». - Արդյոք սա կանխելը հնարավո՞ր էր համապատասխան ստուգումներով։
Բաբկեն Պիպոյան. - Տեսչական խումբը կամ տեսուչը մոտեցել է, իրականացրել է ստուգում անցած տարվա մարտին, համաձայն ընթացակարգի տնտեսվարողի հետ պետք է ննարկվի խելամիտ ժամկետ թերուոյթունների վերացման համար, տրվի կարգադրագիր, որը հստակ ասում է, թե այս ժամկետում պետք է վերացնել այս խնդիրները, և որից հետո համաձայն օրենքի պետք է իրականացվի ստուգում՝ պարզելու համար՝ կատարվել է կարգադրագրի պահանջները, թե չեն կատարվել։
«Ազատություն». - Պարո՛ն Պիպոյան, ասում են՝ այդքանն արել ենք, վերջին մասը օրենքի պահանջ չկա, որ գնանք, վերստուգենք։
Բաբկեն Պիպոյան. - Հստակ ստուգումների մասին օրենքը սահմանափակում է, թե երբ պետական տեսչական մարմինն իրավունք չունի իրականացնելու ստուգում, և տարրական տրամաբանությունը հուշում է հետևյալը՝ տեսուչը գնացել է, հասկացել է, որ կա վտանգ, ինքը պետք է գնա, հասկանա՝ վտանգը վերջացել է, թե չի վերջացել։
«Ազատություն». - Ներկայացուցիչը երեկ Հանրային ՀԸ եթերում ասաց՝ առաջիկա աշնանը գնալու էինք, վերստուգեինք։
Բաբկեն Պիպոյան. - Դա վերստուգում չի, դա հերթական տերմինային մոլորությունն է, երկու օր շարունակ քննարկում էին, որ իրավունքը չունեն, հետո վերջապես ազնիվ…
«Ազատություն». - Որ պլանավորել ենք…
Բաբկեն Պիպոյան. - Դա պլանավորում չի, կա ստուգումների պլան, որը հաստատվում է նախապես, տարվա ստուգումների պլանն է, ստուգումների պլանում եղել է այս ընկերությունը, ոնց որ կլիներ, եթե անգամ իր մոտ խախտումները նախորդ տարի վերացված լինեին, որ գնանք, հասկանանք՝ կարող է էլի նոր խնդիրներ կան, որովհետև ինքը բարձր ռիսկային օբյեկտ է և ամեն տարի ստուգման ենթակա է։
Այսինքն՝ բերեմ ավելի պատկերավոր. մենք մտնում ենք թթվասերի արտադրություն, հասկանում ենք, որ այստեղ կա վտանգավոր թթվասեր, ասում ենք՝ կախտահանես, ինքը ախտահանում է։ Գնում ենք, ասում ենք՝ ախտահանությունդ նորմալ արել ես, կարող ես շարունակել քո թթվասերն արտադրել։ Դա դեռ չի նշանակում, որ մյուս տարի չենք գնալու։ Այսինքն՝ այս տարվա ստուգման գնալը նախորդ տարվանի վերստուգման գնալու, ավելին ասեմ՝ այդ վերստուգում հասկացությունն էլ սահմանված չի, ավելին ասեմ՝ օրենքը հստակ ձևակերպված ասում է՝ կարգադրագրի պահանջի կատարումը ստուգվում է ստուգումով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է ոչ թե «Սուրմալուն» փակել, այլ անվտանգության նորմերն ապահովել․ ճարտարապետ«Ազատություն». - Այսինքն՝ տեսչական մարմինն իր պարտականությունը չի կատարել, ասել է՝ թերությունները վերացրեք և չի գնացել ստուգելու։
Բաբկեն Պիպոյան. - Միանշանակ, չի կատարել, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ավելին ասեմ՝ նույն աշխատակիցը նշեց, որ մենք նախորդ տարի արել ենք 250-ին մոտ վերստուգում, և այստեղ հարց է առաջանում՝ կամ չունենք մեթոդաբանություն հասկանալու համար՝ որն է ավելի ռիսկային, ում վերստուգեցինք, ում՝ չէ, այսինքն՝ մարդկային ռեսուրսի մասին խնդիր չկա, կամ մեթոդաբանության խնդիր ունենք, կամ ունենք ՀՀ-ում 250 վայր, որտեղ էլ ավելի վտանգավոր իրավիճակ է եղել։
«Ազատություն». - Պարո՛ն Պիպոյան, 16 աշխատողով, ասում են, 8000 բարձր ռիսկայնության օբյեկտ ո՞նց ստուգեինք։
Բաբկեն Պիպոյան. - Տեսեք, եթե տեսչական մարմինն աշխատեր ոչ թե տեսչական մարմնի ղեկավարի և մնացածների տարեվերջյան ասուլիսի ստատիստիկայի թվերը բարելավելու ուղղությամբ, այլ անվտանգություն ապահովելու ուղղությամբ, տեսչական մարմինը շատ ազնիվ կասեր՝ 16 աշխատողով կարողացել ենք ստուգել ընդամենը 30 օբյեկտ, և խնդրեր պետությունից մարդկային ռեսուրս՝ բացատրելով։
«Ազատություն». - Երեկ ասացին՝ խնդրել ենք, շուտով կունենանք։
Բաբկեն Պիպոյան. - Խնդրել ենք, շուտով կունենանք, շատ բարի, թող շուտով ունենան, բայց թող հասկանան մի բան, որ իրենք պետք է իրականացնեն ոչ թե 396 թերի, այլ պետք է իրականացնեին 150 ստուգում, բայց ամբողջական, անվտանգության ապահովմամբ։ Գործադիրը պետք է փոխի անվտանգության նկատմամբ, մարդկանց կյանքերի նկատմամբ իր վերաբերմունքը։
«Ազատություն». - Տուգանքների մասին. առաջինը, եթե չեմ սխալվում, 25-50 հազար է եղել։ Ասենք՝ կատարեին իրենց պարտականությունը, որ ասում եք՝ չեն արել, գնային, երկրորդ վերստուգում անեին, այդ 150 հազար դրամ տուգանից տնտեսվարողը վախենալո՞ւ էր։
Բաբկեն Պիպոյան. - Եթե ինքը կարգադրելու պահանջ չի կատարել, օրենքը թույլ տալիս է կասեցնել նրա գործունեությունը, այսինքն՝ այստեղ մեր պետության և հասարակության նպատակը ո՞րն է՝ անվտանգություն ապահովված միջավա՞յր, թե՞ տնտեսվարող, որը տուգանք է վճարում։ Որևէ մեկը չէր արգելել տեսչական մարմնին վերստուգել և կասեցնել առևտրային ցանցի գործունեությունը, օրենքը դա նախատեսել է։ Մենք տեսչական մարմիններ ենք ստեղծում, որի առաջնային նպատակն անվտանգություն ապահովելն է, թե՞ սանկցիաներով լցնելն է։ Մենք տվել ենք գործիքը, պետք է գնային և փակեին ու վերջ, ինչի՞ մասին է խոսքը։