Իրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու միակ ճանապարհը հավելյալ պահանջներից հրաժարվելն է, երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ այն ամենը, ինչի շուրջ կարելի էր համաձայնության գալ, արդեն համաձայնեցված է։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները կներկայացնի իր պատասխանը Եվրամիության վերջնական տեքստին՝ գործարքը վերականգնելու վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։ Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Իրանը հայտարարել է, որ կկատարի համաձայնագրի պայմանները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանն առաջիկա ժամերին կպատասխանի միջուկային համաձայնագրին վերաբերող ԵՄ հեղինակած առաջարկինՓրայսի խոսքով՝ գործարքին վերադառնալու միակ ճանապարհը հետագա անընդունելի պահանջներից հրաժարվելն է, որոնք դուրս են դրա շրջանակից: «Մենք այս պահանջները վաղուց կողմնակի ենք անվանում», - ասել է նա:
Բայդենի վարչակազմը փորձում է վերակենդանացնել 2015-ին Իրանի հետ գերտերությունների կնքած համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Գործարքից Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թվականին: