Մատչելիության հղումներ

Թեհրանն առաջիկա ժամերին կպատասխանի միջուկային համաձայնագրին վերաբերող ԵՄ հեղինակած առաջարկին


Իրանը մինչև այս կեսգիշեր կհայտարարի՝ արդյոք միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված Եվրամիության հեղինակած փաստաթուղթն ընդունելի է իր համար, թե ոչ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։

«Այս պահին տարաձայնությունները կենտրոնացած են երեք խնդիրների շուրջ։ Եթե դրանք հնարավոր լինի լուծել, համաձայնությունը ձեռք կբերվի արդեն առաջիկա օրերին», - այսօր ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Վիեննայում 16 ամիս շարունակված բանակցությունները կավարտվեն համաձայնագրի կնքմամբ, եթե Միացյալ Նահանգները «ճկունություն ցուցաբերի»։

«Առաջիկա օրերն այդ առումով շատ կարևոր են։ Մյուս կողմից եթե Վաշինգտոնը ճկունություն չցուցաբերի, դա աշխարհի վերջը չի լինի։ Մենք պարզապես ստիպված կլինենք ավելի շատ ջանք գործադրել, նոր բանակցություններ նախաձեռնել համաձայնության հասնելու նպատակով», - նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով. «Մենք ասել ենք, որ Թեհրանի կողմից սահմանած կարմիր գծերը պետք է հարգվեն։ Առանց այդ էլ Իրանը [բանակցությունների ընթացքում] բավականին ճկուն է եղել»։

XS
SM
MD
LG