Այսօր Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի Սովետսկի շրջանի դատարանում նախատեսվում է ուշագրավ նիստ, որի առիթը մի հակապատերազմական ուղերձ է հանդիսացել:
«Հիմա Ուկրաինայում մարդկանց են սպանում: Ինչո՞ւ: Մեր տղերքն այնտեղ զոհվում են, ինչի՞ համար: Զոհվում է Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդությունը, սպանվում են ծերեր, կանայք, երեխաներ, ինչի՞ համար, հանուն մեր հերթական կեսարի նապոլեոնական ծրագրերի՞: Հայրենիքը նախագահի հետույքը չէ, որ անվերջ լպստեն, համբուրեն, հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող տատիկն է՝ դա է հայրենիքը», - հայտարարել է ռուսաստանցի անվանի ռոք երաժիշտ Յուրի Շևչուկը:
Իշխանությունն այդ աստիճանի հանդգնություն չէր կարող մարսել: Մի ժամանակաշրջանում, երբ բոլոր հեռուստաալիքներով գոռում են «ուռա՛» և ներբողներ ձոնում անփոխարինելի առաջորդին, մեկ էլ ի հայտ է գալիս մի ռոքեր ու այդպիսի անպարկեշտ խոսքեր ասում թե՛ ռուս - ուկրաինական պատերազմի և թե՛ ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին:
Այս խոսքը Շևչուկը հնչեցրել է մոտ երկու ամիս առաջ՝ մայիսի 18-ին, Ուֆայում՝ ДДТ խմբի համերգի ընթացքում: Երբ շոուն ավարտվել է, ուժային կառույցների ներկայացուցիչները «Ուֆա-Արենա»-ի հանդերձարանում այցելել են Շևչուկին, մեկուսացրել են նրան և հետը մեկ ժամ զրուցել են, ապա կազմել են վարչական իրավախախտման արձանագրություն Զինված ուժերը վարկաբեկելու փաստով: Այն ենթադրում է 30-ից 50 հազար ռուբլու տուգանք:
Շևչուկը երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքն այս պատերազմի նկատմամբ: Ապրիլին նա հրաժարվել է երգել Տյումենի դահլիճում, քանի որ շենքի ճակատին կախված էր Z տառով հսկայական պաստառ. այդ տառը պատերազմի խորհրդանիշներից մեկն է:
Օրերս տված հարցազրույցում Շևչուկն ասել է, թե ռուսները ստրուկներ չեն, նրանք այսօր օկուպացված են:
«Մեզ ամեն օր գնդակահարում են քարոզչության «Գրադ»-ներով և ականներով, մորթում են դաժան օրենքներով, ամեն օր սպանում են մեր հիշողությունը, ուղեղը, ոգին, բայց մենք դիմանում ենք, մեր շարքերում էլ կան մարդիկ, ովքեր երբեք իրենց չեն անվանի ստրուկներ», - ասել է ռուս ռոք աստղը:
Ուֆայի դատարանը պետք է այսօր դիրքորոշում հայտնի ռոքերի արարքի նկատմամբ: Շարունակվում է անողոք եղբայրասպան պատերազմը, շարունակվում է նաև առավել հանդուգն և անվախ մարդկանց բողոքն այդ չարիքի դեմ: