Սալման Ռուշդիի առողջական վիճակը բարելավվում է

Ուրբաթ օրը Նյու-Յորքում հարձակման ենթարկված աշխարհահռչակ բրիտանացի գրող Սալման Ռուշդիի առողջական վիճակն աստիճանաբար բարելավվում է, հաղորդել է նրա գրական գործակալ Էնդրյու Վայլին։

Նրա փոխանցմամբ, գրողը անջատվել է արհեստական շնչառության սարքից: «Ապաքինման երկար ճանապարհը մեկնարկել է։ Այն իրոք երկարատև է լինելու՝ հաշվի առնելով Ռուշդիին հասցված վնասվածքների ծանրությունը», - գրել է Վայլին։

Սալման Ռուշդին Փենսիլվանի նահանգի Էրի քաղաքում գտնվող բժշկական կենտրոն էր տեղափոխվել ուրբաթ առավոտյան՝ Նյու-Յորք նահանգում տեղի ունեցած հարձակումից հետո։

Չատաքուա քաղաքում կազմակերպված դասախոսության ընթացքում Ռուշդին ենթարկվել էր 24-ամյա մի տղամարդու հարձակման, որի ընթացքում դանակի հարվածներ էր ստացել գլխի, պարանոցի և լյարդի շրջանում։

Ռուշդին 1988 թվականին լույս տեսած «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հեղինակն է։ Մահմեդականներից շատերը գրական այդ ստեղծագործությունը սրբապղծություն էին որակել։

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնին 1989 թվականին հատուկ կրոնական հրահանգ՝ ֆեթվա էր արձակել, կոչ անելով աշխարհի մահմեդականներին՝ հաշվեհարդար տեսնել Ռուշդիի հետ։