Անցած տարվա մարտի 9-16-ը Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում (Երևանի պահածոների գործարան ՓԲԸ), որի կազմում գործում են մի շարք առևտրի ու հասարակական սննդի կետեր, «Ազատությանը» հայտնեց տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:
Դրանից հետո, խոսնակի փոխանցմամբ, ըստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության վերստուգումը դեռ չէր հասել «Սուրմալու»-ին, որտեղ այսօր պայթյուն է որոտացել:
Նախորդ տարի` ապրիլին, այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
«Ազատության» դիտարկմանը, թե անցած տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը ստուգումներ չի՞ իրականացրել այնտեղ, Ելենա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հրդեհը բռնկվել է ստուգման ակտից օրեր անց, և դրանից հետո ըստ գրաֆիկի ու ծանրաբեռնվածության վերստուգում չի արվել:
Նրա փոխանցմամբ` նախորդ ստուգման ժամանակ արձանագրվել են հակահրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ 2 տասնյակի հասնող խախտումներ, նշանակվել է վարչական տույժ, տրվել է խախտումները վերացնելու կարգադրագիր:
Ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ կառույցը թվարկել է, թե տեսչական մարմինն ինչ խախտումներ է արձանագրել, օրինակ` «կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա, շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով, 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով» և այլն:
Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ: Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և 34 տուժածի մասին: