ԵՄ-ն հետընթաց է տեսնում Վրաստանում մի քանի ոլորտներում

Եվրամիությունը Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ իր տարեկան զեկույցում մատնանշել է Թբիլիսիի կողմից բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով իրավական ոլորտում առկա թերությունները։

«Մենք տեսնում ենք հետընթաց օրենքի գերակայության, կառավարման և մարդու իրավունքների հիմնարար ոլորտներում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Ըստ նրա` քանի որ Վրաստանն իր եվրոպական հեռանկարով թևակոխում է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլ, այդ երկիրը պետք է պատասխանատու և բարեխիղճ մոտեցում ցուցաբերի, որը համահունչ լինի հայտարարված նպատակներին և ձգտումներին:

Զեկույցը հրապարակվել է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստից առաջ, որը կկայանա սեպտեմբերի 6-ին։

ԵՄ ղեկավար մարմինները հունիսին որոշեցին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանի իշխանությունների առջև ընդհանուր առմամբ 12 նախապայմաններ առաջ քաշեցին, որոնց կատարումից հետո միայն խոստացան վերադառնալ Թբիլիսիի թեկնածության քննարկմանը։ Այդ նախապայմանների թվում էին դատական համակարգի և ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումները, քաղաքական որոշումների կայացման վրա օլիգարխների ազդեցության բացառումը, ինչպես նաև 2021 թվականի գարնանը վրացական իշխանությունների և ընդդիմության միջև ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կնքված համաձայնագրի բոլոր դրույթների կատարումը։