Ռուսաստանը հայտարարել է, թե Շվեյցարիան այլևս չի կարող ներկայացնել Ուկրաինայի շահերը, քանի որ կողմնակալություն է դրսևորել: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Դժբախտաբար, Շվեյցարիան զրկվել է չեզոք երկրի կարգավիճակից և չի կարող հանդիսանալ ոչ իբրև միջնորդ և ոչ էլ Ուկրաինայի շահերը ներկայացնող երկիր, քանի որ միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է Արտգործնախարարության փոխխոսնակ Իվան Նեչաևը:
Նրա պնդմամբ, միանալով սանկցիաներին` Շվեյցարիան դարձել է «Կիևի նացիստական ռեժիմի պաշտպան և մասնակցում է Արևմուտքի և Ուկրաինայի սանձազերծած ռուսատյացության լայնածավալ արշավին»:
Շվեյցարիան ի գիտություն է ընդունել Ռուսաստանի այդ հայտարարությունը: Այդ մասին այսօր ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեր Ալեն Էլչինգերը:
«Մենք տեղեկացել ենք Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մասին, լրացուցիչ պարզաբանում այդ թեմայով տվյալ պահին չի լինի»,- ասել է Էլչինգերը: