Վաշինգտոնը պնդում է, որ իրանցիները պատրաստվում էին սպանել Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին

250-ից 300 հազար դոլար՝ նախկին ամերիկացի պաշտոնյայի սպանության համար։ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության պնդմամբ՝ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայացուցիչները հենց այդքան էին նախատեսել վճարել Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանության համար։

Կանխված մահափորձի մասին պաշտոնական հայտարարությամբ ամերիկյան գերատեսչությունը հանդես եկավ չորեքշաբթի երեկոյան՝ տեղեկացնելով, որ Բոլթոնի սպանությունը կազմակերպելու փորձի համար հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող «Ալ Քուդս» ստորաբաժանման ծառայող, Թեհրանի 45-ամյա բնակիչ Շահրամ Փուրսաֆիին, որը հայտնի է նաև Մեհդի Ռեզայի անվամբ։

Ամերիկացի իրավապահների պնդմամբ՝ Փուրսաֆին 2021 թվականի աշնանը կապ է հաստատել Ամերիկայում բնակվող մի անձնավորության հետ՝ խնդրելով նրան նախ լուսանկարել Բոլթոնին՝ «իբր հրատարակության պատրաստվող մի գրքի համար»։ Դրանից մեկ ամիս անց էլ Փուրսաֆին այդ նույն մարդուն առաջարկել է սկզբում 250, ապա՝ 300 հազար դոլար՝ «Բոլթոնին վերացնելու նպատակով որևէ մեկին վարձելու համար»։ Ինքը՝ պաշտոնաթող ամերիկացի դիվանագետը իր դեմ ծրագրվող մահափորձի մասին տեղեկություններին հումորով արձագանքեց՝ խոստովանելով, սակայն, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ուժեղացված հսկողության տակ է գտնվում։

«Այդ ցածր գինը ինձ համար վիրավորական էր։ Ինձ թվում էր, որ առաջարկվող գինն ավելի բարձր կլինի, բայց ես ենթադրում եմ, որ [իրանցիների մոտ] փոխարժեքի հետ կապված խնդիրներ կային։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բազմաթիվ այլ ամերիկացիներ ևս այս ռեժիմի թիրախում են։ Այս պատմությունը ի ցույց է դնում իրանական ռեժիմի էությունը։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ իրանական վարչակազմի ահաբեկչական ակտիվությունը նրանց միջուկային ծրագրի հակառակ կողմն է։ Պնդումները, թե Իրանի իշխանությունները ի վիճակի են կատարել ստանձնած որևէ պարտավորություն, պարզապես սարսափելի մոլորություն է», - անցած գիշեր CNN-ին տված հարցազրույցում հայտարարում էր Ջոն Բոլթոնը։

Ամերիկացի իրավապահները պնդում են, որ իրանական կողմը Բոլթոնի դեմ մահափորձը ծրագրում էր որպես վրեժխնդրություն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավարներից մեկի՝ գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Իրանցի զինվորականը սպանվել էր 2020-ի հունվարին Բաղդադում՝ ամերիկայն անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը սպառնում է վրեժ լուծել ԱՄՆ-ից, եթե Սոլեյմանիի սպանության կազմակերպիչները չպատժվեն

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը, ի դեպ, պնդում է, որ Ջոն Բոլթոնը իրանցիների թիրախում հայտնված միակ նախկին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան չէր։ Ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել, որ Փուրսաֆին ևս 1 միլիոն դոլար էր առաջարկում երկրորդ սպանության համար։ Ու թեև ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի հստակեցնում, թե հատկապես ում սպանությունն էր ծրագրվում կազմակերպել այդ 1 միլիոնով, ամերիկյան մամուլը պնդում է՝ խոսքը նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոյի մասին է։ Այս տեղեկությունը արդեն իսկ հաստատել է Փոմփեոյի օրոք Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Մորգան Օրտագուսը։

Պաշտոնական Թեհրանը ներկայացվող մեղադրանքները կտրականապես հերքում է՝ պնդելով, որ դրանք կատարելապես անհիմն են։

«Շարունակելով հետևել իրանատյացության և Իսլամական հանրապետությանն ուղղված անվերջ մեղադրանքների սպառված քաղաքականությանը՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նոր մի պատմություն է հորինել՝ այն հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացնելով», - նշված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարության մեջ։

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, պնդում է՝ Իրանի ուժային կառույցները ամենայն լրջությամբ էին պատրաստվում սպանություններ կազմակերպել Միացյալ Նահանգների տարածքում։

«Սա դատարկ սպառնալիք չէր։ Եվ սա առաջին անգամը չէ, որ մենք Իրանի կողմից այս կամ այն անհատի դեմ ԱՄՆ տարածքում ծրագրվող լկտի վրեժխնդրություն իրականացնելու դեպք ենք բացահայտում», -նախօրեին հայտարարում էր Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազի տեղակալ Մեթյու Օլսոնը։

Մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ևս մեկ միջադեպն, ի դեպ, գալիս է հաստատելու ամերիկացի իրավապահների այս պնդումները։ Հուլիսի վերջին Նյու Յորքում ձերբակալվեց ազգությամբ ադրբեջանցի 23-ամյա Խալիդ Մեհտիևը։ Նրան կասկածում են հայտնի իրանցի իրավապաշտպան, այժմ ԱՄՆ քաղաքացի Մասիհա Ալինեժադի՝ Բրուկլինում գտնվող տուն մուտք գործելու փորձի մեջ։ Իրանցի այլախոհի տանը տեղադրված անվտանգության տեսախցիկները արձանագրել էին, որ Մեհտիևը երկու օր անընդմեջ փորձել էր մուտք գործել Ալինեժադի բնակարան։ Ձերբակալության պահին էլ երիտասարդ ադրբեջանցու մոտ, որն ի դեպ, նախկինում հանդես էր գալիս ձյուդոյի Ադրբեջանի պատանեկան հավաքականի կազմում, Կալաշնիկովի ավտոմատ և 66 փամփուշտ էին հայտնաբերել։