Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին՝ վկայակոչելով՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը։
Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ կապերն, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։
Իրանի նախագահը ևս ընդգծել է հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կրկին նշեց իր կարմիր գծերը. քաղաքագետ