Արցախից պնդում են՝ Պաշտպանության բանակից հրաժարվելու ծրագրեր չունեն։ Թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հայտարարում են՝ Արցախում հայաստանյան զորքեր չկան։
Բաքուն պարբերաբար պահանջում է Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը, վերջին անգամ՝ երեկ արտգործնախարար Բայրամովը ձևակերպեց ակնկալիքը՝ թերևս նկատի ունենալով Արցախի ՊԲ-ը։
ՊՆ-ն Արցախի 11 նախարարություններից մեկն է։ ՊԲ-ի հրամանատարը հենց ռազմական գերատեսչության ղեկավարն է։
«Պաշտպանության բանակից հրաժարվելը հավասարազոր է դավաճանության, Պաշտպանության բանակից հրաժարվելը կարող է նոր 1915 թվական բերել Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև հետագա զարգացումներով ողջ Հայաստանի, Ադրբեջանը չի սահմանափակվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Նաև իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանն էր պնդում՝ բանակից հրաժարվել չեն պատրաստվում ինքնապաշտպանության համար։
Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերում պահանջող Բաքուն հղում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Իշխանական խմբակցության ղեկավարը հակադարձում է՝ նույն այդ հայտարարության կետերը Ադրբեջանը չի կատարում՝ հրադադարն է խախտում, չի վերադարձնում հայ գերիներին։
«Զինված ուժերի դուրսբերման հետ կապված այնտեղ գրված է՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը: Պատերազմից հետո նոր զորակոչ Հայաստանից չկա, և որը եղել է նախկինում, հիմա էլ արդեն չկա: Եթե խոսքը վերաբերում է ինքնապաշտպանության ուժերին կամ Պաշտպանության բանակին, իհարկե, չի կարող Արցախի Հանրապետությունը առանց ինքնապաշտպանության ուժերի մնալ: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանություն կազմակերպելու», - ասաց Հարությունյանը:
Կառավարության վերջին նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել էր, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա, նաև՝ իր կարծիքը հայտնել Արցախի ՊԲ-ի դուրսբերման՝ Բաքվից հնչող պահանջների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան«Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը ու շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է», - նշեց Փաշինյանը:
Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ Արցախի ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հայրապետյանն ասում է՝ եթե Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, շատ լավ կլինի, բայց համոզված է՝ չեն անելու. - «Այս զորակազմի քանակով, ինչքան որ կա, էդ համապատասխան սահմանի երկայնքով հնարավոր չի մարտական հերթապահություն իրականացրած, իսկ Ադրբեջանը, եթե ինչ-որ մեկը խաբկանքներ ունի, որ փոխվել է ու խաղաղության է գնում, ես կասեմ, որ այդպես չէ, ու էս երկու տարում մենք դա բազմիցս տեսել ենք»:
Սեյրան Հայրապետյանը նաև ասում էր՝ Ադրբեջանից իրականացվող ռազմական ագրեսիայի պայմաններում իրավիճակին համապատասխան ՊԲ-ում պետք է բարեփոխումներ իրականացնեն։ Փակագծեր չբացեց։ Չբացառեց, որ հնարավոր է որոշակի անվանափոխություն լինի. - «Անունն էդքան էական չի: 90-ական թվականի սկզբներին եղել են ինքնապաշտպանական ուժեր, դա մեզ չի խանգարել, որ մեր հերոսները մեր պատմական հայրենիքը ազատագրեն»:
Արցախում հայտարարված մասնակի զորահավաքը 7 օր տևեց. օգոստոսի 3-ին՝ 2 զինծառայողի կյանք խլած, մոտ 2 տասնյակի վիրավորման պատճառ դարձած վերջին լարվածության օրերին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիրը ստորագրեց։ Այսօր արդեն զորացրում հայտարարեց։
ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չցանկացավ գնահատել այդ որոշումը՝ սահմանափակվելով՝ «եթե ստորագրել է, պետք է եղել» արտահայտությամբ։ Բայց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանության շատ քայլերից դժգոհ էր:
«Մտահոգիչ է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությունը, անտարբերություն ասեմ, թե թույլ դիրքորոշում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում իրականացվող միջոցառումները, քանի որ թշնամին ցանկացած պահանջ իրականացնելուց կամ կատարելուց հետո հերթական պահանջն է ներկայացնում: Զիջելով մենք կարող է ամեն ինչ զիջել», - ասաց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է օգոստոսի 1-ից սրված սահմանային իրավիճակին, Արցախի պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրել է՝ գիշերը շփման գծում հրադադարի էական խախտում չի արձանագրվել։ Իրավիճակը, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։