Երեկ Թուրքիայի Քոնյա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
«Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, Էրդողանը հերթական անգամ Թուրքիայի աջակցություն է հայտնել՝ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հարցով։
«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր», - նշում է գործակալությունը։
Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:
Լարվածության ֆոնին Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքեց` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Բաքվի պահանջը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում համարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս Արցախ տանող նոր ուղու հարցը Բաքուն լուծեց իրեն ձեռնտու ժամկետում