Այսօր Ճապոնիայի Նագասակի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել 1945 թվականի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին:
77 տարի առաջ օգոստոսի 6-ի առավոտյան Միացյալ Նահանգների B-29 «Enola Gay» ռմբակոծիչը մոտ 15 կիլոտոն տրոտիլ ուժգնության ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա։ Երեք օր անց ատոմային ռմբակոծության ենթարկվեց նաև Նագասակին։
Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլում ԱՄՆ-ի զինված ուժերի հարձակումների նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան և պատերազմի ավարտն արագացնելն էր։ Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի առաջին և միակ ռազմական կիրառումն էր։
Այս արհավիրքի հետևանքով Հիրոսիմայում և Նագասակիում զոհվել է շուրջ 226 հազար մարդ, վիրավորվել և ճառագայթահարվել են մոտ 160 հազարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ շատ մեծ է. SIPRIՆագասակիի Խաղաղության այգում այսօր անցկացված հիշատակի արարողությանը Ճապոնիայի նորընտիր վարչապետ Ֆումիո Կիշիդան վերահաստատել է ատոմային զենքի կիրառման դեմ իր զգուշացումը. «Միջուկային զենքի սպառնալիքը և միջուկային զենքի հնարավոր կիրառումը իրականություն են դառնում: Քանի որ աշխարհում առաջընթացը առանց միջուկային զենքի թվում է, թե հակառակ ուղղությամբ է ընթանում, ես կշարունակեմ կոչ անել չգործել միջուկային զենքի հետ կապված նույն սխալը»։
Նագասակիի քաղաքապետ Թոմիհիսա Տաուեն ընդգծել է, որ միջուկային զենքերը կարող են կիրառվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կան, և մարդկության ապագան փրկելու միակ միջոցը դրանց վերացումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության նոր համաձայնագիր կնքելՏաեուն նաև անդրադարձել է փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց միջուկային զենք կիրառելու մասին Մոսկվայի սպառնալիքին։
«Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, որ քանի դեռ կա միջուկային զենք, մարդկանց սխալ դատողությունների, մեքենայական սխալների կամ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կա, և մենք միշտ կանգնած ենք միջուկային զենքի կիրառման վտանգի առաջ», - ասել է Նագասակիի քաղաքապետ Թոմիհիսա Տաուեն:
Տաուն հորդորել է Ճապոնիայի կառավարությանը առաջ մղել խաղաղ դիվանագիտությունը, որի հիմքում աշխարհի ապամիջուկայնացումն է։ Այժմ աշխարհի 9 միջուկային տերությունների տրամադրության տակ կա մոտավորապես 13 հազար միջուկային մարտագլխիկ:
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ նետած ռմբարկուների անձնակազմի վերջին վետերան Թեոդոր Վան Քիրքը մահացել է 2014 թվականին։ 93-ամյա նախկին օդաչուն, որը իր կյանքի վերջին տարիներին ապրում էր Ամերիկայի Ջորջիա նահանգի ծերանոցներից մեկում, 2005 թվականին Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր, որ ատոմային ռումբը պետք է արգելել։