Ուկրաինայում «վիրավորվել կամ սպանվել է 70-ից 80 հազար ռուսաստանցի զինվորական»

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր վիրավորվել կամ սպանվել է 70-ից 80 հազար ռուսաստանցի զինվորական, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը։

«Այդ թիվը կարող է մի քիչ ցածր կամ մի քիչ բարձր լինել, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ համապատասխանում է իրականությանը»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Քոլը նաև հավելել է, որ ուկրաինական կողմը նույնպես շոշափելի կորուստներ է կրել զինվորականների շրջանում, սակայն մոտավոր թվեր չի նշել։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ չնայած «համոզիչ կորուստներին, Ռուսաստանը չի հասել իր նպատակներից որևէ մեկին, որոնց մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի վերջին՝ Ուկրաինա ներխուժելուց առաջ»։

Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3 հազար 825-ը։

Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առայսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել։

Ուկրաինական բանակում կորուստների մոտավոր թիվ է հունիսին հրապարակել այդ երկրի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ հայտարարելով, որ փետրվարից ի վեր սպանվել է մոտ 10 հազար ուկրաինացի զինվորական։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն զոհված ռուս զինվորների թիվ է հրապարակել և շտապ ջնջել