Արցախում երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Ըստ Պաշտպանության բանակի՝ պայմանագրայիններ Գուրգեն Դանիելյանը և Արթուր Առուշանյանը վնասվածքներ են ստացել զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով։
Երեկ տեղի ունեցած դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, այսօր տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Արցախից նաև հայտնում են, որ այս գիշեր և մինչև կեսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Պաշտպանության բանակի փոխանցմամբ, որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը, կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերն իրականացվում են ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին։
Ստեփանակերտից մի քանի օր է՝ չեն արձագանքում Բավից հնչող այն պնդումներին, թե ադրբեջանական զինուժը վերահսկողություն է սահմանել մի շարք բարձունքների վրա։
Անցած շաբաթ Արցախում սահմանային լարվածության հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող զոհվեց, 19 վիրավորվեց։ Բաքուն հաղորդել է մեկ զոհի մասին: Պաշտոնական վերջին տվյալնելով՝ վիրավորված 19 զինվորներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսները շարունակում են բուժումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանային դրության մասին այսօր որևէ հաղորդագրություն չի տարածել։ Շաբաթ օրը, ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Սոթքի հատվածում հայ զինծառայող էր վիրավորվել ադրբեջանական կրակոցից։ Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։