Զապորոժիեի շրջանի ռուսամետ վարչակազմի ղեկավարը ստորագրել է ՌԴ-ին միանալու «հանրաքվե» անցկացնելու որոշումը

Ռուսների կողմից հրետակոծված տունը Մալա Տոլմաչսկա գյուղում, Զապորոժիեի շրջան, Ուկրաինա, 16 հունիսի, 2022թ.

Զապորոժիեի շրջանի ռուսներին ենթարկվող վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին ստորագրել է Ռուսաստանին միանալու հարցով այդ զավթված շրջանում «հանրաքվե» անցկացնելու կարգադրությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների «ռազմական-քաղաքական ադմինիստրացիաները» հաստատել են ընտրական հանձնաժողովներ ստեղծելու որոշումները: Դրանց կազմը դեռ հայտնի չէ, շրջանների ռուսամետ իշխանությունները հայտնել են, թե հանձնաժողովներում կընդգրկվեն «ամենաակտիվ և հոգատար բնակիչները»:

Այդ ստեղծվելիք հանձնաժողովները դերակատարություն կունենան նաև «հանրաքվեների» կազմակերպման և անցկացման գործում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեենսկին երեկ ասել է, որ նման «հանրաքվեների» անցկացման դեպքում Ուկրաինան և ազատ աշխարհն այլևս չեն բանակցի Ռուսաստանի հետ:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, Վաշինգտոնում տեղյակ է Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին կցելու Մոսկվայի ցանկության մասին: Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, թե այդ ծրագիրն իրականացնելու փորձերը Մոսկվայի համար անհետևանք չեն մնա:

Ռուսաստանն այժմ հսկողության տակ է պահում Խերսոնի շրջանի գրեթե ամբողջ տարածքը և Զապորոժիեի շրջանի տարածքի մոտ 60 տոկոսը, մինչդեռ, բուն Զապորոժիե քաղաքը մնում է Ուկրաինայի հսկողության տակ:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենց նպատակն է ազատագրել բոլոր զավթված տարածքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ բրիտանական հետախուզության, Մոսկվան ՌԴ-ին միանալու «հանրաքվեներ» է ծրագրում Ուկրաինայի տարածքներում