«Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» կոչվող ինքնահռչակ կազմավորումը կարող է սեպտեմբերին անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվե»:
Այդ մասին հայտնել է կազմավորման «հանրային պալատի» նախագահ Ալեքսանդր Կոֆմանը: Նրա խոսքով, նպատակահարմար կլինի, որ «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները» նույն օրում հանրաքվեներ անցկացնեն:
«Մեր ռազմական առաջնորդների հավաստիացմամբ, Դոնբասի ամբողջ տարածքը կազատագրվի օգոստոսի վերջին, ուստի, հանրաքվեն հնարավոր կլինի սեպտեմբերի կեսին կազմակերպել»,- ասել է Կոֆմանը:
Մինչդեռ, Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր Բրեստի ամրոցում ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ: Արարողությանը մասնակցել են «Եդինայա Ռոսիյա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը և Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը:
Արարողությունից հետո Պուշիլինն իր Տելեգրամ-ալիքում գրել է, թե «այսօր եկել է ռուս մարդկանց կողմից հիմնադրված ռուսական քաղաքները՝ Կիևը, Չերնիգովը, Պոլտավան, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Զապորոժիեն և Լուցկը ազատագրելու ժամանակը»: