Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների 13.5 տոկոս թանկացում մեկ տարվա ընթացքում. գնաճը Հայաստանում շարունակում է բարձր մնալ, թանկացումների տեմպն, այդուհանդերձ, անցած ամիս մի փոքր նվազել է։ Որոշակի գնանկում կա նաև համաշխարհային շուկայում:
«Ինձ թվում է` կարագը, պանիրը, կաթնամթերքը, իրենց թանկացման տոկոսը շատ է, կարտոֆիլն էր շատ թանկ, հիմա որ նորը դուրս եկավ, մի քիչ մատչելի է դարձել», - «Ազատության» հետ զրույցում նկատեց քաղաքացիներից մեկը:
Հայաստանում հուլիս ամսին հունիսի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.3 տոկոսով։ Էժանացել են մի շարք պարենային ապրանքներ: Արևածաղկի ձեթն էժանացել է շուրջ 4 տոկոսով, կարագն ու շաքարը` գրեթե 2 տոկոսով։ Կես տոկոսով էլ նվազել է այլուրի գինը։
Գնանկման առյուծի բաժինը, սակայն, ընկնում է բանջարեղենին` մեկ ամսվա ընթացքում գները նվազել են շուրջ 34 տոկոսով, գրեթե 9 տոկոսով էլ էժանացել է միրգը:
«Որոշակիորեն գնաճի դանդաղում տեղի է ունեցել: Մենք հունիս ամսին ավելի բարձր գնաճի տեմպեր ունեինք` 10 տոկոսը գերազանցող, ներկայումս 10 տոկոսից փոքր-ինչ ավելի ցածր գնաճ ունենք, բայց գնաճը շարունակում է բավականին բարձր մնալ: Մեր տնտեսության համար գնաճը թիրախավորված է 4 ±1.5 միջակայքում, բայց այն, ըստ էության, կրկնաի բարձր է, և այս պայմաններում գնաճը բավականին մեծ մարտահրավեր է մեր տնտեսության համար», - ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
Նա գնաճի որոշակի մեղմացումը մի քանի գործոնով է պայմանավորում։ Առաջինը սեզոնայնությունն է. բանջարեղենի, մրգի որոշ տեսակներ այս շրջանում էժանանում են։ Այս փոքր գնանկմանը նպաստում են նաև դրամի արժևորումը ու համաշխարհային շուկայում նկատվող էժանացումները:
«Փոխարժեքի էական արժևորում ենք ունեցել, և դա, բնականաբար, ներմուծվում ապրանքների գնաճի դանդաման է հանգեցնում, անգամ կարող է որոշակի ապրանքների համար գնանկումային դրսևորումների հանգեցնել, և միանշանակ, այո, նաև համաշխարհային գնաճի տեմպերի որոշակի թուլացում է նկատվում: Նաև միջազգային էքսպերտներն են արդեն շեշտադրում, որ կարծես թե, համաշխարհային գնաճի այն շեշտակի դրսևորումներն անցյալում են, և ներկայումս գնում ենք դեպի կայունացման միտումների», - հավելեց տնտեսագետը:
Հուլիսին հունիսի նկատմամբ աշխարհում էժանացել են մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ. ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունն էլ օրերս հրապարակեց պարենային ապրանքների գների վերաբերյալ զեկույցը. ըստ այդմ հուլիսին հունիսի նկատմամբ աշխարհում էժանացել են մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ։
Մեկ ամսում ցորենի միջազգային գները իջել են մինչև 14.5 տոկոսով։ Ըստ ՄԱԿ-ի՝ զգալիորեն նվազել է արևածաղկի ձեթի գինը, էժանացել են նաև շաքարն ու կարագը։
ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը արձանագրում է՝ չնայած այս դրական միտումներին, ապագայի հետ կապված անորոշությունները դեռևս մեծ են, համաշխարհային տնտեսության հեռանկարն էլ հուսադրող չէ:
Արդյո՞ք Հայաստանում կպահպանվի գնաճի մեղմացման միտումը։ Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ` սա մեծապես կախված կլինի դրամի փոխարժեքից. «Շատ կարևոր է, թե ինչպիսին է փոխարժեքի վարքագիծը լինելու, արժևորված փոխարժեքը աստիճանաբար գների ավելի մեծ ճշգրտում կառաջացնի մեզ մոտ: Եթե դեռևս փոխարժեքի արժևորումն այնքան երկար չի տևել, որպեսզի այն ամբողջությամբ մեր մանրածախ շուկայի գների մեջ արտացոլվի, նստի, ապա ավելի երկար ժամանակային հորիզոնում սա տեղի է ունենալու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերըԿենտրոնական բանկը վերջին ամիսներին պարբերաբար հայտարարում է՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերը: Հետագա թանկացումները զսպելու համար ԿԲ-ն անցած շաբաթ որոշեց ևս 0.25 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.5 տոկոս: