Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։
Պաշտպանության բանակը նշում է, որ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։
Պաշտպանության նախարարությունը նաև որոշ տեղեկությունների է փոխանցել վիրավորների առողջական վիճակից՝ նշելով, որ զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից, 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր՝ դրական որոշակի դինամիկայով։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում։
19 վիրավորներից երեքը տեղափոխվել են Երևան
Երեկ Արցախի առողջապահության նախարարն «Ազատության» տեղեկացրել էր, որ նոր վիրավորներ չկան, մեկ զինվորի վիճակը դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր՝ նշելով, որ աննշան որոշ պարամետրեր բարելավում են և հույս ունեն, որ ամեն ինչ նորմալ կլինի։
Ըստ նախարարի՝19 վիրավորներից երեքը տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ՝ նեղ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով, իսկ մնացած վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը գտնվում են բավարար վիճակում։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր վիրավորն ունեցել է մեծ ծավալի վիրահատություն, առավոտյան ևս մի փոքր միջամտություն կատարվեց, այս պահին վիճակը գնահատվում է կայուն ծանր», - ասաց Հայրիյանը՝ նշելով, որ վիրավորումը հիմնականում որովայնային շրջանում է՝ բեկորային վնասված է։
«Մեծ արյունահոսություն և մեծ անոթ է վնասվել, բավականին մեծ արյուն է կորցրել մեր զինվորը, բայց այս պահին ամեն ինչ կարգավորվում է։ Մնացած ծանր վիրավորներն ունեցել են թոքերի և գանգի վնասվածքներ՝ էլի բեկորային, գրեթե բոլորը բեկորային վնասվածքներ են», - ասաց նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք. ՌԴ ՊՆ