Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ հետագա սրումը կանխելու համար, «Ազատությանը» փոխանցեց արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, ով երեկ մի շարք այլ գործիչների հետ հանդիպել էր ռուս գեներալի հետ:
Ըստ Պետրոսյանի, ռուսական կողմը հավաստիացրել է, թե Ադրբեջանը պատասխան կտա վերջին սրացման համար, որի հետևանքով հայկական կողմում երկու զինծառայող զոհվեց, ևս 19 վիրավորվեց:
«Հավաստիացումներ ստացել ենք, որ այս ամենը տարբեր կենտրոններից ուղղորդվող սադրանքներ են՝ Ադրբեջանին ասում են ինչ անեն, դա Վոլկովի բառերն են, և նա հավաստիացրեց, որ Ադրբեջանն իր արարաքների համար պատասխան է տալու։ Մենք ասել ենք, որ «դուք այդ միսիան վերցրել եք ձեզ վրա, բայց հիմա ստացվում է, որ այդ միսիան չեք կարողանում պատշաճ իրականացնել, մենք, տեսնում եք, ունենք զոհեր, վիրավորներ»։ Վոլկովը նույնպես շատ մտահոգված էր, կոնկրետ այս ամենը որակեց Ադրբեջանի կողմից պրովոկացիա, նա մեզ հավաստիացրեց, որ այս ամենը փաստերով հասնում է մինչև ամենաբարձր մակարդակին, այսինքն՝ մինչև Պուտին», - ասաց Պետրոսյանը։
«Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիրն «Ազատությանը» պատմեց, թե հայկական կողմը կոշտ հարցեր է հնչեցրել գեներալ Վոլկովի մոտ՝ մասնավորապես, թե ինչո՞ւ խաղաղապահ զորախումբը չի կատարում իր առաքելությունը։
«Ես կոնկերտ հարց տվեցի, ասում եմ՝ «եթե դուք ատամները սեղմած սպասում եք Ուկրաինայի զարգացումների ակտիվ փուլը վերջանա հետո անցնեք Ալիևին դաստիարակեք, մենք նույնպես ձեզ հետ, ատամները սեղմած, կսպասենք այդ օրվան, բայց եթե մենք պետք է մանրադրամ ձեզ համար լինենք, այդպես չի լինի, որովհետև մենք ունենք ազգային արժանապատվություն, որը պետք է պահենք, որն ամենագլխավորն է», նա հավաստիացրեց, որ՝ «ո՛չ, մենք պետք է դիմանանք միասին», - փոխանցեց Պետրոսյանը։
Նախօրեին նաև ռուսական զորախմբի Telegram-յան ալիքն էր հաղորդել, թե գեներալ-մայորը լարվածությունը թուլացնելու հավաստիացումներ է տվել:
Չնայած դրան, ըստ արցախցի պատգամավորների, հայկական կողմում բոլոր մտահոգությունները չեն փարատվել, և մի շարք հասարակական գործիչներ այսօր պատրաստվում են կրկին ցույց կազմակերպել:
Անվտանգության խնդիրներից ու շփման գծի պահպանումից բացի, մասնավորապես, անհայտ է՝ եթե այդուամենայնիվ հայկական կողմը համաձայնի Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովել նոր ճանապարհով, ինչպես են գործելու ենթակառուցվածքները: Փաստացի, Ղարաբաղը սնուցող խողովակաշարերն անցնում են Լաչինով, մինչ օրս որևէ պաշտոնյա Ղարաբաղում ապրողներին հստակ չի ասել`եթե դրանք անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես է լուծվելու Ղարաբաղի ենթակառուցվածքների՝ էլեկտրականության, գազամատակարարման, հեռախոսային և համացանցի ապահովման հարցերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԺ-ն հորդորում է ռուս խաղաղապահներին շփման գծում կայունություն հաստատել