Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այսօր հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ըստ ռուսական խաղաղապահ զորախմբի Telegram-յան ալիքի, գեներալ-մայորը ներկայացրել է խաղաղապահ առաքելության դիրքորոշումն այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքի մասին և հավաստիացրել, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ կանի իրավիճակի հետագա սրումը կանխելու համար:

Անդրեյ Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել այս տարի, մինչ այդ նա զբաղեցրել է Ռուսաստանի Հարավային զինտարածքի զորքերի պետի պաշտոնը, իսկ ավելի վաղ ծառայել է որպես տարածաշրջանում զորքերի փոխհրամանատար: