Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։
ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:
Վարժական հավաքները երեք ամսով են՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը։ Ըստ կառավարության որոշման` դրանց կմասնակցի 1444 քաղաքացի: Սա նման հավաքների արդեն 4-րդ փուլն է, ապրիլի 15-ից հունիսի 15-ը ևս անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Անցյալ տարի անցկացվել է երկու եռամսյա հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։