Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ու նրանց ուշադրությունը հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին»:
Միրզոյանը, ըստ արտգործնախարարության, ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները:
Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել
Նախարար Միրզոյանը նշել է, որ մինչ այդ Ադրբեջանը նամակ է փոխանցել ռուսական խաղաղապահ անձնակազմին` տեղեկացնելով, որ նախատեսում է փոխել Հայաստանը Ղարաբաղին կապող` ներկայումս գործող երթուղին: Ինչպես մինչ այդ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել, Հայաստանի արտգործնախարարը ևս պնդել է, թե դա կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի նոր երթուղու պլանը պետք է համաձայնեցվեր կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) միջև` երեք տարվա ընթացքում, ինչը չի արվել:
Պաշտոնական Երևանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու` հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:
Դեռևս չլուծված խնդիրների շարքում Միրզոյանը նշել է «ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը», «հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պատանդառությունն» ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: