Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Ըստ ՊԲ-ի՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան:

Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկություն է փոխանցել վիրավորում ստացած զինծառայողների մասին՝ նշելով, որ 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

«Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով երեկ հաղորդվեց երկու 2 զոհի մասին։ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի, 4 վիրավորների վիճակը ծանր է, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր, վերջինիս երեկ վիրահատել են։

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է, նրանց մի մասին տեղափոխել են Երևան:

Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են:

Երկուշաբթի օրվանից Արցախում լարված իրավիճակ է, երեկվանից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Երեկ շփման գծում իրավիճակն ավելի լարվեց, երբ Բաքուն հաղորդեց մեկ զոհի մասին՝ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ասելով թե «մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։

Պաշտոնական Բաքուն այնուհետև հրապարակավ հայտարարեց, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել։

Արցախի պաշտպանության բանակն էլ հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտից կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Զոհված զինծառայողները պայմանագրայիններ էին՝ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Տես նաև այստեղ