«Ժողովուրդը մնացել ա կրակի մեջ, ինչ անեն, ոնց անեն՝ չգիտեն». եղցահողցիներն անորոշ վիճակում են

Արցախի Եղցահող գյուղի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում պատմեցին՝ երեք օր է՝ իրավիճակը լարված է, շփման գիծը մի քանի կմ հեռավորության վրա է, և կրակոցները պարզ լսելի են գյուղում:

Եղցահողցիները նշեցին, որ գյուղի տարածքում նաև անօդաչու թռչող սարքեր են նկատել, սակայն անմիջապես գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

«Էսօր առավոտը ժամը 7-ին մի 20-25 տրաքոց ա եղել: Էն պոստը թուրքի պոստն ա, էդ եղել ա մեր տարածքը, ռուսները եկան էդ տարածքից մեր բանակը հանեցին, միառժամանակ այդտեղ մարդ չի եղել, մի երկու օր ա՝ մեր բարեկամները եկել են կանգնել էդ սարի վրա, ասում են՝ «էս սարն իմն ա, էս ձորն իմն ա»: Աջ ու ձախ եկել են դիրքավորվել», - ասաց բնակիչներից մեկը:

Իրավիճակն Արցախում օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր ՊԲ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայողներ: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Արցախում օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:

Եղցահողը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինուժի կողմից, այս պահին գյուղում անորոշ իրավիճակ է, գյուղացինները այս լարվածությամբ պայմանավորված չեն կարևողանում գնալ իրենց արտեր, խոտհարքի տարածքներ, որտեղ իրենց անասուններն են արածում:

«Երկու օր ա՝ չենք կարողանում մոտենանք մեր դաշտերին, մեր տուկերը հանենք, մեր տեխնիկան հանենք», - նշեց «Ազատության» զրուցակիցներից մեկը:

«Դրությունը այստեղ լավ չի, շատ փիս ա, ժողովուրդը մնացել ա կրակի մեջ, ինչ անեն, ոնց անեն, չգիտեն», - ասաց մեկ բնակիչ:

Եղցահողի բնակիչների պնդմամբ՝ ադրբեջանցիների հենակետերը մոտ են, դրանք անգամ հեռադիտակով են տեսանելի:

Գյուղացիներն ասացին, որ իրենց տեղեկություններով վիրավորներից մի քանիսն այս հատվածից են եղել:

Ժամանակ առ ժամանակ նկատելի են նաև ռուս խաղաղապահների բեռնատարները, որոնք բարձրանում են շփման գիծ, որտեղ նաև Արցախի պաշտպանության բանակն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՊԲ-ն հաղորդում է 2 զոհի ու 14 վիրավորի մասին. հայտարարվել է մասնակի զորահավաք