Ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել, հատնում է Արցախի պաշտպանության բանակը:
Ըստ հաղորդագրության, ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` այսօրվանից` օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:
Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։
Բաքուն էլ այսօր Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։