«Ռազմական ֆեյքերի» հոդվածով Ռուսաստանում մինչ հիմա 80 քրեական գործ է հարուցվել

Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի իրավապահները ութ տասնյակ քրեական գործեր են հարուցել սոցցանցերում տարածված նյութերով «բանակը վարկաբեկելու» մեղադրանքով։ Այդ գործերով անցնող 74 մարդկանցից գրեթե կեսը կա՛մ հեռացել է Ռուսաստանից, կա՛մ գտնվում է կալանքի տակ։

«Ռազմական ֆեյքերի» գործերով մեղադրյալներին իրավաբանական օգնություն ցուցաբերող «Ցանցային ազատություններ» նախագիծը իր ձեռքի տակ գտնվող տվյալները տրամադրել է BBC-ին։

Ամենաշատ գործերը հարուցվել են լրագրողների, բլոգերների, ընդդիմադիր ակտիվիստների դեմ, սակայն հետապնդումների ենթարկված կեսից ավելին սովորական շարքային քաղաքացիներ են՝ ուսանող, բժիշկ, նախկին ոստիկան, հոգևորական, թոշակառու, նույնիսկ դպրոցական։

Նովոսիբիրսկից 17-ամյա Եֆիմը մարտի սկզբին Տելեգրամի տեղական չաթում մի գրառում է վերահրապարակել, ուր ասված էր, թե Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իբր հայտարարել է, թե կադիրովականները զավթել են միջուկային օբյեկտները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդուման մտադիր է վերանայել ռազմական գործողությունների ժամանակ «ֆեյքերի հեղինակների» բանտարկության օրենքը

Դպրոցական Եֆիմը իր կողմից գրել էր․ «Հուսով եմ` նա ստում է: Սա 21-րդ դարի հավանաբար վատթարագույն նորությունն է»։

Մեկ ամիս անց նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը հայտարարել է, թե Եֆիմը սա հենց այնպես չի արել, այլ «հանցավոր մտադրություն» է իրականացրել՝ գիտակցաբար կողծ տեղեկություններ տարածելով Ռուսաստանի զինված ուժերի մասին։

«Ստույգ հաստատված է, որ Եֆիմի կողմից ուղարկված հաղորդագրությունը ֆեյք է, քանի որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հայտնել է Զապորոժիեյի ատոմակայանը վերահսկողության տակ վերցնելու մասին, բայց ուկրաինացի ազգայնականները փորձել են կայանում սադրանքներ կազմակերպել Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է քննչական մարմինը` որպես ևս մեկ ապացույց ներկայացնելով չեչենական Ռոսգվարդիայի հայտարարությունը, թե իր անդամները Զապորոժիեյի գործողությանը չեն մասնակցել։

Հարցաքննության ժամանակ դպրոցական Եֆիմը բացատրել է, որ հաղորդագրությունը վերահրապարակել է հենց այդ նպատակով՝ պարզելու, թե արդյոք դա ճիշտ է։

17-ամյա Եֆիմին երեք տարվա ազատազրկում է սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն արգելափակել է «Ազատության» հայկական ծառայության ռուսալեզու էջը

Ռուսաստանի բանակի մասին իշխանությունների պնդմամբ ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու, վարկաբեկելու համար քրեական պատասխանատվությունը Ռուսաստանում սահմանվել է մարտի սկզբին` Ուկրաինա ներխուժելուց երկու շաբաթ անց։ Այդ հոդվածով առավելագույն պատիժ է նախատեսված 15 տարվա ազատազրկումը։ Մինչ հիմա ամենախիստ պատիժը ստացել է Մոսկայի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Գորինովը, նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։

«Ագորա» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` հինգ ամսվա ընթացքում 80 քրեական գործերի թվում ամենշատը՝ ավելի քան 50-ը հարուցվել են գարնան ամիսներին, ամռան ընթացքում գործերի քանակը նվազել է։

Փաստաբան Ստանիսլավ Սելեզնյովի կարծիքով` կա՛մ ամառային սեզոնում իրավապահների մի մասն է արձակուդում, դրա պատճառով են նվազել գոծերի թիվը, կա՛մ քրեական հետապնդումները որոշ չափով հասել են իրենց նպատակին՝ մարդիկ տեսել են, որ իրենց գործունեությունը ուղիղ ճանապարհ է դեպի մեկուսարան։ Իսկ քննիչները գործնականում համոզված են, որ դատարանը կհաստատի այդ հոդվածով ձերբակալությունները, որովհետև դրանց մեծ մասը որակվում են որպես ծանր հանցագործություն։

«Մեր փաստաբանները երկրի տարբեր ռեգիոններում շփվում են քննիչների հետ և գործնականում ասում նույն խոսքերը՝ մենք ոչինչ չենք որոշում, հրահանգը վերևից է»։