Շոլց․ «Գազպրոմ»-ին պատկանող տուրբինը ցանկացած պահի կարող է վերադարձվել Ռուսաստան»

Արխիվ

Բեռլինը պատրաստ է «Հյուսիսային հոսք 1» գազատարի տուրբիններից մեկը, որ օրերս վերանորոգումից հետո Կանադայից տեղափոխվել է Գերմանիա, փոխանցել «Գազպրոմ» ընկերությանը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գազային տուրբինի վերատեղադրման հետ կապված քաշքշուկի համար մեղադրելով ռուսական կողմին։

«Կարևոր է հստակեցնել հետևյալ հանգամանքը՝ տուրբինը կարող է [Ռուսաստան] տեղափոխվել ցանկացած պահի։ Դրա համար որևէ խոչընդոտ գոյություն չունի։ Ռուսաստանցի գնորդները պարզապես պետք է հետաքրքրություն ցուցաբերեն սարքավորման հանդեպ և մեզ տրամադրեն անհրաժեշտ մաքսային և տրանսպորտային տեղեկատվությունը։ Մնացյալ բոլոր թույլտվությունները արդեն մեր ձեռքին են», - հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։

«Հյուսիսային հոսք 1» գազատարի վրա տեղադրված տուրբինը անցած տարվանից վերանորոգվում էր Siemens Energy ընկերության Կանադայում գտնվող գործարանում։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո դրա վերադարձը դժվարացավ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ Եվրոպա մատակարարվող գազի ծավալների նվազեցման պատճառներից մեկը հենց գազային տուրբինի բացակայությունն էր։