Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիներ՝ թիվն այսօր «Ազատության» հետ զրույցում հրապարակեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է Ռուսաստանի քաղաքացու անձնագրով 370 հազարից ավելի մուտք և 330 հազարից ավելի ելք: Այսինքն՝ սահմանահատումների տարբերությունը շուրջ 40 հազարի չափով է», - ասաց Միգրացիոն ծառայության պետը:
Ղազարյանն ուշադրություն հրավիրեց՝ ի տարբերություն 2022 թվականի առաջին երեք ամիսներին՝ երկրորդ եռամսյակում հանրապետությունում մնալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների թիվն աճել է անգամներով։
«Առաջին եռամսյակի տարբերությունը 10 հազար է, առաջին կիսամյակի տարբերությունը՝ 40 հազար: Այսինքն՝ ստացվում է, որ երկրորդ եռամսյակում մենք ունեցել ենք աճողական տենդենց», - ասաց Արմեն Ղազարյանը:
Ըստ պաշտոնյայի, նույն միտումն է Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիների պարագայում. ավելի շատ եկել են Հայաստան, քան հեռացել, թեև տարբերությունը փոքր թիվ է՝ երկուսը միասին մոտ հազար։
Դեպի Հայաստան մարդկային հոսքը այս տարվա առաջին կիսամյակում էականորեն փոխել է հանրապետության ընդհանուր սահմանահատումների պատկերը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր մուտքերն ու ելքերը հանգեցրել էին բացասական արդյունքի՝ մինուս 52 հազար, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին այդ թիվը կազմել է պլյուս 16 հազար։
«Ինքը ցույց է տալիս մեր կացության կարգավիճակների տրամադրում ու էդ օրինական բնակության տեղեկանքների տրամադրում: Հիմա դիմումների դինամիկան՝ ունենք փետրվար, մարտ, ապրիլին աճ, մայիսին աճ: Օգոստոսը երեք օր է անցել, արդեն 59 դիմում ունենք ԵԱՏՄ քաղաքացիների մասով», - ներկայացրեց Միգրացիոն ծառայության պետը:
«Միջավայրի փոփոխությունն այլևս անհրաժեշտ էր»
Վադիմը մի քանի ամիս է Հայաստանում. ասում է՝ սիրում է կիթառներ և արկածներ։
Պատմում է՝ որոշեցին հեռանալ Ռուսաստանից, որովհետև միջավայրի փոփոխությունն այլևս անհրաժեշտ էր։
Երևանի կենտրոնում նրա հիմնած փաբը արդեն շատերի նախընտրած վայրն է։ Ասում է՝ «հեռանկարի մասին չեմ մտածում, ապրում եմ այս օրով, օրինակ՝ այսօրվա նպատակը լավ համերգ կազմակերպելն է»։
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Միգրացիոն ծառայությունն իրականացրել է համատեղ ուսումնասիրություն, որի նախնական արդյունքների համաձայն՝ հանրապետությունում գտնվող ռուսաստանցիների մեծ մասը պատրաստվում է երկրում մնալ առնվազն կես տարի։