Մատչելիության հղումներ

Ազատ մտածող մարդկանց համար անտանելի դժվար է Ռուսաստանում. Հայաստան տեղափոխված ռուս երիտասարդ


Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ծրագրավորող Արտյոմ Եմելյանով
Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ծրագրավորող Արտյոմ Եմելյանով

Եկատերինբուրգից Երևան, հետո Թբիլիսի, ապա Գյումրի. սա Արտյոմ Եմելյանովի ճամփան է։ Ուկրաինայի դեմ հարձակումը վերջին կաթիլն էր, որ ստիպեց 32-ամյա ռուս ծրագրավորողին կայացնել հայրենիքը լքելու դժվար որոշումը։

«Եթե չհեռանայի, ապա վաղը կարող է այդ հնարավորութունը չլիներ: Եթե մարդն ունի ձեռքեր, գլուխ, ապա աշխատանք կգտնի։ Մարդիկ ուղղակի փախել են այնտեղից», - «Ազատության» հետ զրույցում ասում է Արտյոմը։

Նրա խոսքով, պատերազմի պատճառով շարքային ռուսաստանցին հայտնվել է երկու քարի արանքում՝ Ռուսաստանում ազատ մտածող մարդիկ ցանկալի չեն, իսկ դրսում նրանց ընդունում են որպես ագրեսորի: Հավելում է՝ գլխումս չի տեղավորվում, թե ինչի համար սկսվեց երկու եղբայրական ժողովուրդների միջև այս պատերազմը. - «Կային ինչ-որ քաղաքական տարաձայնություններ Ուկրաինայի արևմուտքում ռեժիմի հետ կապված։ Դա դիվանագիտական ճանապարհով կարելի էր լուծել, բայց ոչ ռազմական։ Առանց այն էլ լարված հարաբերություններ էին, իսկ հիմա ռուս և ուկրաինացի ժողովուրդների միջև անդունդ է: Դրան զուգահեռ ամբողջ աշխարհը մտածում է, որ ռուսները ագրեսոր են, ինչպես Գերմանիան 39 թվականին: Չգիտեմ մենք սրանից ինչպես դուրս կգանք։ Հնարավոր չէ արդեն շենգեն վիզա ստանալ, ինչ-որ տեղ գնալ, և եթե ստացվի էլ, հնարավոր է բախվես մեր ազգի նկատմամբ բացասական վերաբերմունքի»:

Նման վերաբերմունքի, ըստ Արտյոմի, բախվել են Վրաստանում ու հենց այդ պատճառով էլ որոշեցին վերադառնալ Հայաստան։ Գյումրին ընտրեցին, որովհետև այստեղ ամեն ինչ համեմատաբար ավելի մատչելի է, բայց աշխատելու հարմար տեղ չկար։ Ռուս ծրագրավորողը Հայաստանում հեշտությամբ որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել ու հիմա գործընկերների հետ coworking կենտրոն է բացելու Գյումրիում։

Տարածքում ենք շրջում է և նա ասում է, թե ինչ է լինելու. - «Սա մեր coworking տարածքն է, հիմա ավարտում ենք վերանորոգման աշխատանքները, որտեղ կարող են ստեղծագործողները կամ այն մարդիկ, ովքեր ուզում են, գալ, այստեղ աշխատել, զանգել... Այստեղ կլինի ինտերնետ, սեղան աթոռ ենք տրամադրում, տպիչ, պատճենահանող ծառայություններ, հանգիստ կարող են աշխատել աշխատանքային մթնոլոտում: Բացումը հավանաբար հաջորդ շաբաթ կլինի»։

Հայաստանի մասին միայն լսել էր, ասում է՝ ընտրության հնարավորությունն էլ մեծ չէր, շատ քիչ երկրներ են, որ առանց վիզայի ընդունում են Ռուսաստանի քաղաքացիներին։ Հայաստան գալու համար չի փոշմանել, ռուսերեն գրեթե բոլորն են խոսում, պետական վարչարարությունն էլ հեշտացված է։

Նկատել է, որ Ռուսաստանից հեռանում են ոչ միայն հեռավար աշխատելու հնարավորություն ունեցող ծրագրավորողները, այլև այլ ոլորտի երիտասարդ մասնագետներ. - «Այսինքն սա երիտասարդ, կրթված մարդկանց հոսք է։ Պարտադիր չէ ՏՏ ոլորտից՝ բժիշկների եմ տեսել, ինժեներների, շինարարների։ Այսինքն՝ երիտասարդ մարդիկ են՝ պահանջված մասնագիտություններով, և նրանք հեռանում են երկրից, գումարած դրան հսկայական կապիտալ է դուրս հոսում»:

Ռուսաստանում մնացել են ծնողները, հարազատ-բարեկամներն ու ընկերները։ Կապը Ռուսաստանի հետ խզել չի պատրաստվում, բայց վերադառնալու ցանկություն դեռ չունի. - «Վերջերս գնացի Ռուսաստան, այնտեղ տունս վաճառքի հանեցի։ Վերադարձիս Դաշնային անվտանգության ծառայությունը հարցաքննեց։ Ես որոշեցի ոչինչ չթաքցնել ու գրեցի՝ Հայաստան գնալու պատճառը այնտեղ աշխատելս է։ Հարցրին՝ ի՞նչ եք աշխատում, ասացի՝ ծրագրավորող-թեստավորող: Իմ ծննդավայրը Ուկրաինական ՍՍՀ-ն, Ուկրաինայում եմ ծնվել, գնում եմ Հայաստան աշխատելու: 20 րոպե Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցը ինձ հիմար հարցեր էր տալիս։ Շատ տհաճ էր, երբեք նման բանի չէի հանդիպել»:

«Ազատ մտածող մարդկանց համար անտանելի դժվար է Ռուսաստանում», - ասում է երիտասարդ ծրագրավորողը. - «Իշխանությունների գծին հակասող անձնական որևէ մտքի համար դաժանորեն պատժում են։ Քեզ կարող են արտասհամանյան լրտես համարել, եթե աշխատավարձդ արտերկրից է, պատասխանատվության ենթարկել»։

Արտյոմը Գյումրին հավանել է, հասցրել է շրջել, ծանոթացել քաղաքի պատմությանը: Թե որքան է մնալու Գյումրիում, դեռ չգիտի, ամեն ինչ կախված է նոր բիզնեսից։ Հայաստանում կեցության իրավունք ստացել է։ Մտմտում է Հայաստանում շրջագայելու մասին, գլխավոր նպատակը՝ Արագածի 4 գագաթները մագլցելն է։

XS
SM
MD
LG