Իրավիճակը այս պահի դրությամբ հանդարտվել է, Վանք գյուղում այսօր կրակոցներ չեն լսվել. գյուղապետ

Այսօրվա դրությամբ իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում հանդարտվել է, «Ազատությանը» հայտնեց համայնքապետ Անդրեյ Սարգսյանը:

Ըստ նրա` արդեն այսօր կրակոցներ չեն լսվել. «Ադրբեջանական զինուժն ուզել է խախտումներ անել մեր դիրքերի վրա, բայց մեր տղաները կասեցրել են իրենց հարձակված զորքերին, հետ են շպրտվել իրենց դիրքերը: Մերոնք գտնվում են մեր դիրքերում: Մենք դիրք չունենք Ադրբեջանին հանձնած: Այսօր գյուղում խուճապ չկա: Բոլորը միակամ կանգնած էին, երեկ որ տեսնեիք` ինչ վիճակ էր: Բոլորը կանգնած էին, որ գնային, պաշտպանեին մեր հայրենիքը: Ոչ մի կրակոց այսօր չկա», - վստահեցրեց նա:

20 և ավելի կիլոմետրեր են բաժանում Վանքը շփման գծից: Տեղացիներն այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին, որ երեկվա կրակոցները թեև հեռու են եղել, սակայն պարզ լսելի: Բնակիչներից ոմանք նույնիսկ նշեցին, որ սկզբում չեն հավատացել, որ սահմանային իրավիճակը լարվել է, քանի որ համեմատ մյուս հատվածների` այս մասում սահմանային խախտումները շատ ու պարբերական չեն:

«Շատ վատ վիճակում ենք: Մեծ գյուղ է, մտածում էինք փոքր երեխաների մասին, երիտասարդությունը` շատ: Ժամանակ առ ժամանակ կրակոցներ եղել են, բայց ոչ երեկվա նման», - ասաց կանանցից մեկը, մյուսը հավելեց. «Սահմաններում է լարված, չգիտենք, թե ինչ է կատարվում: Ասում են` խուճապի մի մատնվեք, դրությունը նորմալ է, չգիտենք, թե ինչ կդառնա»:

Կրակոցների ձայներ լսելով` գյուղացիները տեղեկություններ են նաև ստացել, որ ադրբեջանական զինուժը փորձել է հատել շփման գիծը և մտնել Վանք գյուղի վարչական տարածք:

«Որտեղ մի բարձունք կա, թուրքերը ուզում են վերցնել, որ էն բարձունքից ստեղ կարան խփեն, էս գյուղն էլ վերացնեն», - ասում է վանքեցիներից մեկը:

«Լարված վիճակում դաժե չենք էլ կարողացել քնել, պատուհանը բացենք, բեսպիլոտնիկը մինչև ժամը 4-5-ը թռել է, նկարել է ամեն տեղը», - պատմեց կանանցից մեկը:

Իրավիճակը երեկ առավոտվանից էր լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է։ Բաքուն հերքել էր այս լուրերը: Երեկվա լարվածության հետևանքով կա մեկ վիրավոր, նրա առողջական վիճակը բավարար է: