ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, այնուամենայնիվ, ժամանեց Թայվան։ Նրա օդանավը Թայբեյի օդանավակայանում վայրէջք կատարեց, երբ մութն արդեն ընկել էր։
«Իմ այցը վկայում է Թայվանի հանդեպ ԱՄՆ-ի խորը հանձնառության մասին»,- ժամանելուն պես հայտարարել է նա։
«Ամերիկայի համերաշխությունը Թայվանի 23 միլիոն ժողովրդին կարևոր է առավել, քան երբևէ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ»,- հայտարարել է Փելոսին։
Պեկինը խստորեն դատապարտել է Փելոսիի այցը, ընդգծելով, որ այն էական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Նենսի Փելոսիի արևելյան երկրներով այցի պաշտոնական ծրագրում Թայվանը նշված չէր, բայց մամուլը գրում էր, որ չնայած Պեկինի բազմիցս զգուշացումներին` Փելոսին կայցելի Թայվան։
Վերջին անգամ Ներկայացուցիչների տան խոսնակը Թայվան էր այցելել քառորդ դար առաջ։