Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես հաղորդել է, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Քելբաջարի և Լաչինի շրջանների տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս տեղեկությունը «հերթական ապատեղեկատվություն» որակելով, ՀՀ ՊՆ-ն նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։
Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, որ առավոտյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Քալբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը, ինչը ևս Երևանը հերքել է: