Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 56-ի: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչը:
Տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ առաջիկա օրերին սպասվում են նոր հորդառատ անձրևներ:
Ըստ իրանական մամուլի, բանակի ստորաբաժանումները հեռավոր շրջաններում միացել են փրկարարների ջոկատներին և համատեղ ջանքերով աղետի գոտիներից դուրս են բերում հազարավոր բնակիչների:
Անցած շաբաթ Ֆարսի շրջանում, որը մինչ այդ տուժել է երաշտից, հեղեղումների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել:
Իրանում վերջին տասնամյակի ընթացքում և՛ աղետալի երաշտ, և՛ ծանր հեղեղումներ են գրանցվել: 2019 թվականի հեղեղումներից զոհվել է առնվազն 79 բնակիչ: Տնտեսական կորուստը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Մասնագետների համոզմամբ, երաշտների և հեղեղումների ինտենսիվության և հաճախականության բուն պատճառը կլիմայի փոփոխությունն է:
Այդ բնական աղետները տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում, հրատապ են դարձրել նաև պարենային անվտանգության հարցը: