Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ԱԽ քարտուղար

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ», - նշել է ԱԽ քարտուղարը:

Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսելը»:

Նա շեշտել է` ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիքը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է, հավելելով, որ դրա հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր է:

Ադրբեջանական կողմը և պատերազմից անմիջապես հետո, և հիմա էլ շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն այլևս չունի:

Իսկ Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատել էր, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։

Ըստ Գրիգորյանի` առաջընթաց կա կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում

Արմեն Գրիգորյանի խոսքով` մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով: Ըստ նրա` խաղաղության օրակարգին հասնելու ճանապարհային քարտեզը հայտնի է. «Սահմանագծման և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է, և օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում»:

Երևանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, հավելել է Արմեն Գրիգորյանը` պատասխանելով Բաքվի պնդումներին, թե հայկական կողմն է ձգձգում մի շարք հարցերի լուծումները: ԱԽ քարտուղարը շեշտել է նաև, որ առաջընթաց կա կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

«Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու», հարցին ԱԽ քարտուղարն այսպես է պատասխանեց. «Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի և խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր, և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա»:

Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ, վերջերս դժգոհել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի»

Իսկ արդյոք սա ներառում է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ չունի՞: «Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված և հետագայում վավերացրած ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագրով:

Նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա, և Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի», - հայտարարել է պաշտոնյան:

Եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, և Հայաստանի կառավարությանը կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին ուղղված ցանկացած տարածքային պահանջից: